Դիլիջանյան ազգային պարկի մարգարիտները՝ Պարզ և Գոշ լճերը
Այս փոքր լճերը հազիվ են երևում քարտեզների վրա: Նրանք չունեն լեգենդար Սևանի թափը, բայց անկախ դրանից Դիլիջանի ազգային պարկի էկոհամակարգի ամենակարևոր մասնիկներն են։
Ազգային պարկի անտառային մեծ տարածություններով շրջապատված այս լճերն ապշեցնում են իրենց կատարյալ գեղեցկությամբ: Պարզ լիճն ու Գոշ լիճը զարմանալիորեն տարբեր են. և´ արտաքին տվյալներով, և´ գեղագիտական էֆեկտով: Հենց այդ պատճառով արժե, որ երկուսում էլ լինեք:
Լճերից յուրաքանչյուրի մոտ տանող ճանապարհն անցնում է միջին բարդության հետաքրքիր հայքինգ արահետներով: Հայքինգի դիմացկուն և փորձառու սիրահարներին կհետաքրքրի Պարզ լճից Գոշ լիճ տանող երթուղին:
Պարզ լճի մոտ կարելի է հասնել նաև մեքենայով, սակայն Գոշ տանող ճանապարհը կհաղթահարի միայն արտաճանապարհային մեքենա, ինչը կարելի է վարձակալել տեղում:
Պարզ լիճ
Պարզ լիճ՝ գեղատեսիլ լիճ, փռված լեռնային խիտ անտառների հովտում: Լճի շրջակայքը հրաշալի է ընտանեկան հանգստի համար. այստեղ կարելի է. վարձակալությամբ վերցնել լաստանավ կամ մակույկ, անցնել Zipline թռիչքուղով, կազմակերպել պիկնիկ հատուկ հատկացված տեղերում:
Պարզ լիճը գերազանց տեղ է պրոֆեսիոնալ լուսանկարահանումների համար, հատկապես աշնանը, երբ աշնանային վառ ներկապնակի գույներով ներկված ծառերն արտացոլվում են լճի հայելային հարթության վրա:
-
Պարզ Լիճ՝ բարձր լեռնային:
-
Առաջացումը՝ իջվածքային:
-
Ջրավազանի երկարությունը՝ 300 մ:
-
Լայնությունը՝ 100 մ:
-
Միջին խորությունը՝ 3 մ (որոշ տեղեր մինչև 10 մ):
- Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1334 մ
Լիճ տանող ճանապարհին կարելի է հանդիպել տեղի կենդանական աշխարհի ներկայացուցիչների՝ սկյուռների, աղվեսների, ոզնիների, անտառային կատուների, վայրի ճագարների և այլն։ Լճի մոտակայքում է գտնվում նաև ազնվացեղ եղջերուների բազմացման կենտրոնը։
Գոշ լիճ
Թռչնի թռիչքի բարձրությունից Գոշը հիշեցնում է բյուրեղյա կաթիլ՝ նետված Դիլիջանյան ազգային պարկի անտառային տարածության մեջ։ Պստլիկ, բյուրեղի պես վճիտ լիճն ու նրա շրջակայքի մեղմ, գեղատեսիլ բնապատկերը ոգեշնչվելու և խաղաղվելու իրական աղբյուր է։
-
Գոշ լիճ՝ բարձր լեռնային:
-
Առաջացումը՝ իջվածքային:
-
Ջրավազանի երկարությունը՝ 100 մ:
-
Առավելագույն լայնությունը՝ 80 մ:
-
Խորությունը հասնում է 8 մ:
-
Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1500 մ:
Լիճն իր անվանումը ստացել է նույնանուն գյուղից, որն իր հերթին անվանվել էր միջնադարյան ականավոր հայ մտածող Մխիթար Գոշի պատվին։
Երթուղու սկզբնակետը Գոշ գյուղն է, կողմնորոշիչը՝ Գոշավանքը։ Լիճ տանող հիմնական արահետն անցնում է լեռնային խիտ անտառի միջով։
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում