Դիլիջանի քաղաքային քանդակագործությունը` հայտնի և ոչ այնքան

Քաղաքային հուշարձանները ոչ միայն գեղագիտական գործառույթ են կատարում. նրանք պահպանում են անցած դարաշրջանների, քաղաքի պատմության և մշակույթի մասին տեղեկությունը։ Դիլիջանն, անկասկած, բացառություն չէ։ Քաղաքում պահպանվել են ինչպես 19-րդ դարի, այնպես էլ խորհրդային ժամանակների հուշարձաններ։ Ի հայտ են գալիս նաև նոր արձաններ, որոնք աստիճանաբար զբաղեցնում են իրենց տեղը քաղաքի պատմամշակութային տարածության մեջ։

Այսպես, ձեզ ենք ներկայացնում Դիլիջանի քաղաքային քանդակների ընտրանին՝ ամենաճանաչված ու հայտնիներից մինչև մոռացվածներ և անհայտներ։

Խորհրդային Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձան

monuments-of-the-city_1.jpg

Հուշարձանի հեղինակներ` Սեյրան Ավետիսյան, Խորեն Վատինյան և Արթուր Թարխանյան։

Այս հուշարձանը վստահաբար կարելի է կոչել Դիլիջանի ամենաճանաչելի հուշարձան, քաղաքի ինքնատիպ խորհրդանշան։ Այն տեսանելի է Դիլիջանի գրեթե ցանկացած հատվածից։

Հուշարձանը տեղադրվել է Խորհրդային Հայաստանի 50-ամյակի առթիվ՝ 1970 թվականին։ Այս հուշարձանը հնացած համարել չի կարելի. մոդեռնիստական ոճն ու մեր ժամանակներում այդքան նորաձև մինիմալիզմը հաղորդում են նրան նոր սիմվոլիզմ և արդիականություն։ Այժմ այն համարվում է քաղաքի արտ-հաստատություններից մեկն ու ներդաշնակորեն ներգրվում է լանդշաֆտին։

Նշենք, որ Արթուր Թարխանյանը խորհրդային Հայաստանի ականավոր ճարտարապետներից մեկն է, մոդեռնիզմի դարաշրջանի աշխարհահռչակ ներկայացուցիչ։ Ճարտարապետի ամենահայտնի գործերից են «Զվարթնոց» օդանավակայանի հին տերմինալը, Կարեն Դեմիրճյանի անվ. Մարզահամերգային համալիրը, «Ռոսսիա» կինոթատրոնը։

Հուշարձան «Միմինո» ֆիլմի հերոսներին

monuments-of-the-city_8.jpg

Վալիկ ջան։ Մեր մոտ` Դիլիջանում, խոհանոցում բացում ես հասարակ ծորակը, ջուր է հոսում, երկրորդ տե՜ղն է գրավում աշխարհում։

— Իսկ առաջինը Երևանում է, հա՞:

— Ոչ, Սան Ֆրանցիսկոյում։

Քանդակի հեղինակը Արմենակ Վարդանյանն է:

Խորհրդային շրջանի ամենաճանաչված «Միմինո» ֆիլմի հերոսներին նվիրված հուշարձանը, որ հայտնվեց արհեստական լճի մոտակայքում 2011 թ., անկասկած, քաղաքի ամենահայտնի և ամենաշատ լուսանկարվող զբոսաշրջային օբյեկտն է: Հուշարձանի շուրջը միշտ մարդաշատ է, համենայն դեպս, մենք այդ տեղը դեռ դատարկ չենք տեսել, գուցե տեսել ենք, բայց միայն վատ եղանակին:

Զբոսաշրջիկները լուսանկարվում են ֆիլմի հերոսների բրոնզե քանդակների հետ և փորձում են դիլիջանյան հենց այն ջուրը, որը շատ էր գովում Ֆրունզիկ Մկրչյանի մարմնավորած հերոսը՝ բեռնասայլի բարեսիրտ վարորդ Ռուբիկ Խաչիկյանն «արևոտ Դիլիջանից»:

Ֆրունզիկ Մկրտչյանի(Ռուբեն Խաչիկյան), Վախթանգ Կիկաբիձեի (Վալիկո Միզադարի) Եվգենի Լեոնովի (Իվան Վոլոխով) մարմնավորած հերոսները խորհրդանշում են երեք ժողովրդի՝ հայերի, վրացիների և ռուսների բարեկամությունը: Բրոնզե այս հորինվածքը ոչ միայն հիշողության տուրքն է լեգենդար ֆիլմին, այլ նաև քաղաքական պայքարից ու խառնակչությունից հեռու մարդկային անկեղծ փոխհարաբերությունների խորհրդանիշ է: Հնարավոր է, հենց դա է պատճառը, որ և ֆիլմը, և դերասանները, և քանդակը այդքան դուր են եկել զբոսաշրջիկներին:

Հուշարձան Հայրենական մեծ պատերազմի մարտիկներին

monuments-of-the-city_10.jpg

Սա Անդրկովկասում ամենամեծ հուշարձանն է խորհրդային զինվորներին, որի հեղինակն է դիլիջանյան վաստակավոր քանդակագործ և ճարտարապետ Խորեն Վատինյանը:

Սա հոյակերտ, հզոր, բայց միևնույն ժամանակ շատ զգացմունքային ու խորը ստեղծագործություն է: Հեղինակի մտահղացմամբ հուշակոթողը խաչ է հիշեցնում՝ մարտի դաշտից վիրավոր ընկերոջը տանող զինվորի տեսքով:

Համալիրը ներառում է Հայրենական մեծ պատերազմում (ՀՄՊ) նահատակված 404 դիլիջանցիների անունները պարունակող հուշաքարեր: Հուշակոթողից ոչ հեռու գտնվում է վիրավորումից արդեն դիլիջանյան կայազորային հոսպիտալում մահացած ՀՄՊ 22 մասնակիցների եղբայրական գերեզմանը:

Հուշակոթողի համալիրի տարածքում կառուցված է նաև հուշաղբյուր, նվիրված Արցախյան պատերազմի հերոսներին:

«Հայաստանը» Անահիտ աստվածուհու նմանությամբ

monuments-of-the-city_5.jpg

Այս քանդակը ստեղծվել է 1960 թ. Կառլեն Նուրիջանյանի կողմից Խորհրդային Հայաստանի 40-ամյակին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում: Մի քանի շաբաթվա ընթացքում նկարիչներն ու քանդակագործները աշխատում էին Երևանում՝ հենց Նկարիչների միության շենքի մոտ: Հենց այդ մարաթոնի արդյունքում (այսօր այդպես կկոչվեր այդ միջոցառումը) հայտնվեց «Հայաստան» քանդակը, որը շուտով տեղափոխվեց Դիլիջան։

Նուրիջանյանի ժամանակակիցները համարում են, որ մարտական և միևնույն ժամանակ նուրբ աղջկա դիմագծերում հեղինակն արտացոլել է Անահիտ աստվածուհու կերպարը, որը պտղաբերության, մայրության և վերածննդի խորհրդանիշն է։

«Ռոտոնդան» և նոր ամֆիթատրոնը

monuments-of-the-city_2.jpg

XIX դ. վերջին դիլիջանցիները քաղաքի գեղատեսիլ վայրում իրենց միջոցներով կառուցեցին ամառային «Ռոտոնդա» թատրոնը, որտեղ 1905 թ. բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն»:

Դիլիջանում հյուրախաղերով հանդես էին գալիս Թբիլիսիի, Բաքվի  և Ալեքսանդրապոլի թատերական խմբերը: Ցավոք, 1948 թ. բացօթյա թատրոնը կազմագրվեց Մշակույթի վարչության կողմից, բայց համերգներ, գրական ընթերցանություններ և այլ միջոցառումներ կազմակերպելու ավանդույթը “Ռոտոնդայում” դեռ երկար ժամանակ պահպանվեց: Ներկայումս ամառային թատրոնը լուրջ վերականգման կարիք ունի:

2009 թ. քաղաքային իշխանությունների որոշմամբ Դիլիջանի կենտրոնում կառուցվեց ամֆիթատրոն՝ որպես տուրք քաղաքի մշակութային ավանդույթներին, մասնավորապես, թատրոնի մշակույթին:

Ոչ մեծ անսամբլը, որի կոմպոզիցիան բաղկացած է ամֆիթատրոնից, սափորը ձեռքին աղջկա քանդակից և սյուներով դասական կամարից, կառուցված է հունական ոճով։ Այդ իսկ պատճառով քաղաքի հյուրերը միշտ չէ որ կռահում են, որ այն միանգամայն նոր ամֆիթատրոն է։

Այժմ ամֆիթատրոնում անցկացվում են մշակութային և երիտասարդական տարբեր միջոցառումներ։ Այստեղից նաև Դիլիջանի գեղեցիկ տեսարան է բացվում։

Մատինովի աղբյուրը

Martinov.jpg

Ռոտոնդայի ճանապարհին ուշադրություն դարձրեք հետաքրքիր, դեկորատիվ աղբյուրին. այն տեղադրվել է ավելի քան մեկ դար առաջ։

Այս դեկորատիվ հուշաղբյուրը տեղադրվել էր 1880 թ. Վահան Մատինովի կողմից։ Առաջ այդպիսի ցայտաղբյուրներ հանդիպում էին շատ ավելի հաճախ, քանի որ հայտնի և ապահովված ընտանիքները տեղադրում էին դրանք հին քաղաքի թաղամասերում ի հիշատակ իրենց ընտանիքների: Այդպիսի ունևոր ընտանիք էին նաև Իջևանից Դիլիջան տեղափոխված Մատինովները: Հայտնի է, որ Վահան Մատինովը քաղաքում բացել էր մթերային խանութ:

Մատինովների տունը (դիլիջանցիներն անվանում են այն «Մատնանց») գտնվում է հենց աղբյուրի դիմաց:

Անտառի արքան

monuments-of-the-city_15.jpg

1966 թ. հայ քանդակագործ Արա Սարկիսյանի ընտանիքը հանգստանում էր Դիլիջանի անտառածածկ լեռների լանջերին՝ Աղասի Խանջյանի կառավարական ամառանոցում։ Զբոսնելով ամառանոցի շրջակայքում՝ քանդակագործը նկատեց հսկա ծառն ու որոշեց հաղորդել դրան «մարդկային կերպարանք»։

Այդպես հայտնվեց անսովոր և դիլիջանյան անտառային տարածությունների հետ ներդաշնակ քանդակը՝ «Անտառի արքան»։ Անտառի արքան կամ անտառային աստվածությունը, լայն բացելով իր թևերն ու ասես իր մեջ առնելով ամբողջ անտառը, պահպանում է անտառի բնակիչներին ամեն տեսակ չար ոգիներից:


Լրացրեք ձևը