Դիլիջանի թոփ վայրերը. ի՞նչ տեսնել, ինչո՞վ զբաղվել և ու՞ր այցելել

Քադաքային այգին և արհեստական լիճը

Դիլիջանը երկարատև զբոսանքների, մտորելու, ստեղծագործելու և լիցքաթափվելու քաղաք է:Անկախ այն բանից, թե հանգստի ինչ տեսակ եք դուք նախընտրում, ինչ ժամկետով եք եկել, այս փոքր քաղաքում կարելի է գտնել ձեր սրտի ուզածը: Դիլիջանի թոփ վայրերից մեկը համարվում է քաղաքային այգին և արհեստական լիճը: Սա գլխավոր հանգստյան գոտիներից մեկն է, որն այնքան է սիրվել տեղի բնակիչների և զբոսաշրջիկների կողմից, որ սկսել է ասսոցացվել քաղաքի կենտրոնի հետ: Այստեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ թեյ Cafe #2 -ում, հեծանիվ վարել, մասնակցել տարբեր միջոցառումների, նկարվել «Միմինո» ֆիլմի հերոսների հուշարձանի հետ և փորձել այն նույն լեգենդար դիլիջանյան ջուրը, որն այնքան գովաբանում էր Ֆրունզիկ Մկրտչյանի մարմնավորած հերոսը, ձեռք բերել handmade հուշանվերներ: Վերջապես, դիլիջանյան լճի շուրջն ընկած քաղաքային այգին և տարածքը հրաշալի վայր են ընտանեկան, ռոմանտիկ և պարզապես միայնակ զբոսանքի համար:

Պուրակային գոտում է գտնվում Դիլիջանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնը, որտեղ կարելի է ստանալ անհրաժեշտ ողջ տեղեկատվությունը քաղաքի, հանգստյան գոտիների մասին, ինչպես նաև վարձակալությամբ վերցնել հեծանիվներ, վրաններ և զբոսաշրջային այլ սարքավորումներ:

Քաղաքային զբոսայգու տարածքում գործում է Հայաստանի ամենամեծ Verev պարանայգին, բասկետբոլի հարթակը, ընտանեկան, երեխաների հետ հանգստի համար նախատեսված գոտիները:

2018 թվականին«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը սկսեց Դիլիջանի քաղաքային պուրակի վերականգնումն ու արդիականացումը: Դա IDeA հիմնադրամի ավելի երկարաժամկետ՝ Դիլիջանը մշակութային, կրթության, առողջապահության և զբոսաշրջային կենտրոնի վերածելու տեսլականի դրսևումներից մեկն է:

Արհեստավորների փողոցն ու հին քաղաքը

Իսկ դուք սիրու՞մ եք միջնադարյան նեղլիկ փողոցները: Եթե այո, ուրեմն Դիլիջանի հենց սրտում կա ինքնատիպ ճարտարապետությամբ, միջնադարյան ոճի ցուցանակներով, արհեստանոցներով ու հուշանվերների տաղավարներով առանձնացող ամենաիսկական հնամյա թաղամաս: Դա Շարամբեյան փողոցն է, որտեղ գտնվում է Old Dilijan Tufenkian complex հյուրանոցային համալիրը:

Այստեղ կարելի է ոչ միայն հրաշալի լուսանկարներ անել և ձեռք բերել հուշանվերներ, այլև գրանցվել կավագործության և փայտի փորագրման արհեստավարժության դասերի:

Դիլիջանի նեղլիկ փողոցներն ու ավանդույթների վերածնունդը

XIX դարով թվագրվող ավանդական, հնագույն ոճով տներ կարելի է տեսնել ոչ միայն Շարամբեյան փողոցում: Այսպես կոչված դիլիջանյան ոճով տներն առանձնանում են բաց պատշգամբներով, վարպետորեն մշակված բարակ փայտե սյուներ ու խոյակներ ունեցող ծածկապատշգամբներով, ինչպես նաև կարմիր կղմինդրով ծածկված տանիքներով ներդաշնակորեն միահյուսվում են քաղաքի լանդշաֆտին:

Ավելին, բացի գեղագիտական էֆեկտից, այս տներն իրենց ցանցկեն պատշգամբներով ու փայտի հրաշակերտ փորագրումներով մշակութաբանական յուրահատուկ նշանակություն ունեն Հայաստանում, որտեղ ճարտարապետության հիմնական նյութ է համարվում ոչ թե փայտը, այլ քարը:

Նմանատիպ շենքեր պահպանվել են Դիլիջանի հնամյա թաղամասում՝ Պապանինոյում: Նշենք, որ Պապանինո շրջանը մինչև Դիլիջանի՝ քաղաքի կարգավիճակ ստանալը մոլոկանների բնակավայր էր, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ տեղի շինությունների ճարտարապետական ոճի վրա:

Ժողովրդական ճարտարապետության նմուշներ կարելի է հանդիպել նաև Մյասնիկյանի, Կալինինի, Լերմոնտովի, (քարամի քուչա) փողոցներում: Շատ տներ, ցավոք, չեն պահպանվել կամ գտնվում են կիսավեր վիճակում:

Պահպանված տները վերափոխվել են արհեստանոցների, հուշանվերների տաղավարների, հնաոճ ռեստորանների: Բացի այդ, շինարարության հնագույն ավանդույթների վերականգնման միտում է առաջացել: Նոր շենքեր կառուցելիս կամ հները վերականգնելիս հաշվի են առնվում փայտի ճարտարապետության տեղի ավանդույթները: Ուշադրություն դարձրեք քաղաքի նոր ավտոբուսային կանգառներին. դրանք բոլորը նույնպես պատրաստված են փայտից:  

Քաղաքի կենտրոնն ու սովետական ժառանգությունը

Այն բանից հետո, երբ Դիլիջանը 1958 թ. ստացավ հանրապետական ենթակայության քաղաք-բուժավայրի կարգավիճակ, սկսվեց Դիլիջանի քաղաքային միջավայրի ակտիվ կառուցումն ու բարեկարգումը: Բացի հանգստյան գոտուց, որի գլխավոր զարդարանքը դարձավ արհեստական լիճը, ի հայտ եկավ նաև վարչական նոր կենտրոն: Վարչական շենքերը կառուցված էին մոդեռնիզմի ոճով, որն այդ ժամանակահատվածում գտնվում էր իր հայտնիության գագաթնակետում (ի դեպ, այդ ժամանակահատվածի հայ ճարտարապետները տարբերվում էին համարձակ որոշումներով և իրենց ավանդը ներդրեցին ոչ միայն խորհրդային, այլև համաշխարհային ճարտարապետության մեջ): Դա Մշակույթի պալատն է, Հայաստանի ԿԿ քաղաքային խորհրդի շենքը, կապի շենքը, կինոթատրոնը, քաղաքային գրադարանը, ունիվերմագը: Վարչական կենտրոնի վերջին ակկորդը հուշարձանն էր Լենինին։

Ներկայումս, ցավոք, վարչական կենտրոնի շինությունների մեծամասնությունը հեղինակի մտահղացման և անձնական՝ մոդեռնիստական ոճի պահպանմամբ զգուշորեն վերակառուցվելու և մոդեռնիզացիայի կարիք ունի: Որոշ շինություններ, օրինակ կինոթատրոնի շենքը, դադարել են գործել իրենց նախնական նշանակությամբ:

Դիլիջանի Գավառագիտական թանգարանն ու պատկերասրահը

Դիլիջանի Գավառագիտական թանգարանը լիարժեք պատկերացում է տալիս պատմության, աշխարհագրական առանձնահատկությունների, Դիլիջանի կենցաղի և մշակույթի մասին:

Այն նման է ժամանակի մեքենայի, որի շնորհիվ կարելի է տեղափոխվել էնեոլիթի ուշ դարաշրջան կամ  XIX դարի մտավորականության քաղաքային նրբաճաշակ ինտերիեր, ծանոթանալ կենցաղային հնագույն իրերի և զարդերի վրա առկա յուրօրինակ քանդակների հետ, ինչպես նաև համոզվել հայկական գորգագործության, բրուտագործության  և այլ արհեստների եզակի լինելու հարցում:

Կերպարվեստի սիրահարներին խորհուրդ է տրվում այցելել պատկերասրահ, որտեղ ներկայացված են ոչ միայն հայ հայտնի նկարիչների, այլև աշխարհահռչակ արտասահմանյան գեղանկարիչների կտավներ:

Թանգարանում անց են կացվում նաև արհեստավարժության մասնագիտացված դասեր տարիքային խմբերի այցելուների համար:

Աշոտ Բաբայանի Թանգարան-արհեստանոցը

Փայտե իրական հեքիաթ, որն իրականություն է դարձել վարպետ Աշոտ Բաբայանի հմուտ ձեռքերի շնորհիվ: Նա ծնվել և մեծացել է Դիլիջանում, հենց այս տանը: Վարպետի համար բեկումնային պահ դարձավ թոռան ծնունդը. այդ ժամանակ նա առաջին անգամ ձեռքն առավ փայտն ու սկսեց ստեղծագործել: Ցուցադրանմուշների թիվը հաշվել գրեթե անհնար է. այստեղ կա և՛ Դանկոյի սիրտը, և՛ Ջինի լամպը, և հարյուրավոր այլ արտասովոր գործեր: Վարպետի խոսքերով, ամեն գործ ունի իր իմաստը, նա ոչինչ չի անում հենց այնպես:

Կա նաև Վասիլիսայի տնակն իր կախարդական կամարով, որը քաղաքի իսկական տեսարժան վայր է դարձել: Նրանց, ով դեռ չի գտել կյանքի ընկեր, Աշոտը խորհուրդ է տալիս անցնել այդ կամարի տակով և երազանք պահել: Եթե անկեղծ հավատան, ուրեմն մտապահածն անպայման կիրականանա:

Մուտքն արհեստանոցի տարածք ազատ է: Աշոտը կարծում է, որ մարդիկ այստեղ հանգստանում են և կարող են շրջել այստեղ ժամերով: Չէ՞ որ մթնոլորտն այստեղ յուրօրինակ է:

BuduArt

Եվս մեկ ինքնատիպ արվեստանոց-ստուդիա, որը 2008 թ. հիմնել են դիլիջանցի նկարիչներ Արման Բադեյանն ու Մարգարիտա Մալխասյանը:

Արմանի բառերով, արվեստանոցի ստեղծմանն իրենց ոգեշնչել է գեղատեսիլ բնությունը, ինչպես նաև քաղաքի մշակութային հարուստ ժառանգությունն ու դիլիջանցի մյուս նկարիչների ստեղծագործությունները:

Buduart նախագծի շրջանակներում Արմանը թողարկել է ոսկերչական պղնձե զարդերի շարք, որի մեջ արտացոլվում է Դիլիջանի Գավառագիտական թանգարանում պահվող հնագույն զարդերի էսթետիկան:

Այստեղ այցելուները կարող են մասնակցել զարդերի պատրաստման, կտորների գունավորման, նկարչության արհեստավարժության դասերին,

Էքսկուրսիա Արժույթի թանգարանով

Հայաստանի Կենտրոնական բանկի Դիլիջանյան կրթական-հետազոտական կենտրոնում անցկացվում են էքսկուրսիաներ հայկական ազգային արժույթի՝ դրամի պատմության թանգարանով: Ցուցարության սրահում ներկայացված են մ.թ.ա 4-րդ դարով թվագրվող մետաղադրամներ, Արտաշեսյանների արքայատոհմի, Կիլիկյան Հայաստանի մետաղադրամներ, Առաջին Հանրապետության ժամանակների թղթադրամներ:

Այցելուներն ունեն նաև Ալեքսանդր Մակեդոնացու, Հռոմեական կայսրության, Արաբական խալիֆայության և այլ դարաշրջանների հազվագյուտ մետաղադրամներին ծանոթանալու բացառիկ հնարավորություն:

Ցուցադրության մի մասն են կազմում նաև Հայաստանի ԿԲ կողմից թողարկված և երկրի քաղաքական ու մշակութային նշանակալից իրադարձություններին նվիրված հուշադրամները: Իսկ կրթական-հետազոտական կենտրոնի շենքի բաց պատշգամբից, որ կառուցված է նեոմոդեռնիստական ոճով, բացվում է հրաշալի տեսարան դեպի քաղաք:

«Ռոտոնդան» և նոր ամֆիթատրոնը

XIX դ. վերջին դիլիջանցիներն իրենց միջոցներով քաղաքի գեղատեսիլ անկյունում կառուցում են «Ռոտոնդա» ամառային թատրոնը: 1905 թ. դրամատուրգ Գաբրիել Սունդուկյանի 80-ամյակին բեմադրվեց Գաբրիել Սունդուկյանի «Պեպոն», որին ներկա էին հայ մշակույթի անվանի գործիչներ:

Դիլիջանում հյուրախաղերով հանդես էին գալիս Թբիլիսիի, Բաքվի և Ալեքսանդրապոլի թատերական խմբերը: Ցավոք, 1948 թ. բացօթյա թատրոնը փակվեց, բայց, տեղի բնակիչների խոսքերով, ամառային թատրոնը շարունակում էր ծառայել որպես ոչ պաշտոնական հավաքների, համերգների և ստեղծագործելու վայր: Ներկա պահին «Ռոտոնդայից» մնացել են փլատակներ, որոնք պահպանում են այն ժամանակների մասին պատմական հիշողությունը:

2009 թ. քաղաքային իշխանությունների որոշմամբ Դիլիջանի կենտրոնում կառուցվեց ամֆիթատրոն (հեղինակ՝ Նվեր Դանիելյան), որպես տուրք քաղաքի մշակութային ավանդույթներին, մասնավորապես, թատրոնի մշակույթին:

Նոր ամֆիթատրոնը կառուցված է նրվաճաշակ ոճով և ավելի շատ հնագույն դարաշրջանի ճարտարապետական անսանբլ է ներկայացնում, քան ժամանակակից կառույց:

Լրացրեք ձևը