Նեղլիկ փողոցներ, ցանցկեն պատշգամբներ, արհեստագործների տաղավարներ. Շարամբեյան փողոց՝ ամենակոլորիտային վայրը Դիլիջանում
Չկա թեկուզ մեկ դիլիջանցի, ով չի ճանաչում և չի հարգում Հովհաննես Շարամբեյանի՝ Դիլիջանի մշակութային զարգացման մեջ զգալի ներդրում կատարած նկարչի, արվեստի վաստակավոր գործչի հիշատակը: Դժվար չէ կռահել, որ դիլիջանցիների համար այդքան կարևոր մարդու պատվին անվանված փողոցն արժանի է հատուկ ուշադրության և քաղաքի ամենագլխավոր այցեքարտերից մեկն է:
Այսպիսով, բարի գալուստ Շարամբեյան փողոց՝ դիլիջանյան արհեստագործների փողոց և քաղաքի ամենակոլորիտային վայր:
Դուք արդեն նկատել եք, որ գեղատեսիլ բնությունից զատ Դիլիջանին առանձնահատուկ գրավչություն են հաղորդում կարմիր կղմինդրով ծածկված տանիքներով, փայտե ծածկապատշգամբներով և պատշգամբներով XIX դարի հին, հարմարավետ տները, որոնք իրենց վարպետորեն զարդարած նրբարվեստ փորագրումներով ներդաշնակորեն միահյուսվում են տեղի լեռնանտառային լանդշաֆտին և քաղաքին հաղորդում են իր ուրույն կոլորիտը:
Հենց այսպիսին է իր քաղաքին նվիրված դիլիջանցու պատվին անվանված Շարամբեյան փողոցը՝ կոլորիտային, ներդաշնակ և յուրօրինակ: Սա Դիլիջանի հնագույն փողոցներից մեկն է, որը պահպանել է ավանդական «ժողովրդական» ճարտարապերության նմուշները, ինչպես նաև արհեսագործության հարուստ ավանդույթները: Հենց այստեղ են գտնվում իրենց վարպետությունը սերնդեսերունդ փոխանցող դիլիջանյան արհեստագործների աշխատարաններն ու տաղավարները:
2004 թվականին Շարամբեյան փողոցի պատմական հատվածում հայտնվեց Tufenkian Old Dilijan համալիրը, որի կոնցեպցիան ենթադրում է հին շենքերի վերակառուցում և հնամյա շրջանի ավանդույթների, պատմական նկարագրի վերականգնում:
Այժմ Tufenkian Old Dilijan Complex - ում ներառված են թանգարան, հյուրանոցներ, հացաբուլկեղենի արտադրամասեր, սրճարաններ, արհեստագործական տաղավարներ և արհեստանոցներ: Այստեղ կա այն ամենն, ինչը զբոսաշրջային պատկերացմամբ կարելի է անվանել հին քաղաք՝ սկսած ճարտարապետական ոճի ընդհանուր հետևողականությունից և վերջացրած այնպիսի մանրուքներով, ինչպիսիք են արհեստանոցների և հուշանվերների տաղավարների վրա տեղադրած ցուցանակները:
Իսկապես, համալիրը հին շրջանին հաղորդել է զբոսաշրջային հենց այս փայլը (դրական իմաստով)՝ միաժամանակ պահպանելով ինքնությունը, պատմությունն ու ավանդույթները: Գրավիչ տեսքի տակ այստեղ թաքնված է ոչ պակաս գրավիչ և խորը բովանդակություն: Չէ՞ որ Շարամբեյան փողոցն առաջին հերթին դիլիջանյան արհեստավորների փողոցն է։ Իսկ արհեստները Դիլիջանում, ինչպես մեզ հայտնի է, ունեն հազարամյա պատմություն։ Կավագործության, փորագրության, բրուտագործության և ոսկերչական արհեստի, գորգագործության և այլ ավանդական արհեստների տեղաբնակ վարպետներն իրենց կարողություններն ու հմտությունները փոխանցել են սերնդեսերունդ:
Հենց այստեղ' Շարամբեյան փողոցում, կարելի է հանդիպել երրորդ, չորրորդ (և նույնիսկ ավելի) սերնդի արհեստագործների և նրանցից հուշանվերներ ձեռք բերելուն մեկտեղ անձամբ ծանոթանալ ավանդական արհեստների նրբություններին, փորձել բացահայտել անձնական կարողություններն ու տաղանդները արհեստավարժության հետաքրքիր դասերին։
Գրիգոր Հովսեփյան՝ դիլիջանյան հայտնի և հմուտ արհեստագործներից մեկը, փայտի ձեռագործ փորագրման երրորդ սերնդի վարպետ։ Շարամբեյան փողոցի նրա արհեստանոցում կարելի է ձեռք բերել փայտե իրեր, մանրակրկտորեն փորագրված հայկական զարդաքանդակներով հուշանվերներ։
«Քաղաքի հյուրերն ամենից շատ սիրում են փայտից քանդակած հայկական տառերը։ Փոքր հուշանվերները շատ գրավիչ են այցելուների համար, բայց ոչ պակաս բարդ են պատրաստման տեսանկյունից և ուշադրություն են գրավում: Իմ աշխատանքում ես նախապատվություն եմ տալիս հայկական ավանդական զարդաքանդակներին և խորհրդանշաններին»,- խոստովանում է վարպետը։ Նա քչախոս է, լուրջ է և կենտրոնացած է աշխատանքի վրա, բայց միևնույն ժամանակ միշտ ուրախ է տեսնել հյուրերի իր արհեստանոցում։
Այստեղ է գտնվում նաև Արսեն Գոգչյանի կավագործության և բրուտագործության արհեստանոցը։ Նա նույնպես մարդկանց այն տեսակից է, ովքեր նախընտրում են պատմել իրենց մասին գործերով, ոչ թե խոսքով։ Արսենը բրուտագործության հետ մեկտեղ զբաղվում է կավագործությամբ և նկարչությամբ, փորձում է իրեն տարբեր ոճերի մեջ, զարդաքանդակներով փորձարարություններ է անում։ Նրա բառերով, իր ոգեշնչման աղբյուրը Դիլիջանն է։ «Ոչ, ես չէի ուզի այլ տեղում ապրել»,- խոստովանում է վարպետը և հրավիրում ինչպես տեղաբնակներին, այնպես էլ քաղաքի հյուրերին բրուտագործության իր վարպետաց դասերին։
Միգուցե դիլիջանյան մթնոլորտն ու արհեստագործների այս հիասքանչ փողոցը ոգեշնչեն ոչ միայն գեղեցիկ լուսանկարներ անելու, այլ կբացահայտեն ձեր մեջ թաքնված տաղանդնե՞ր։
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում