Դիլիջանի նեղլիկ փողոցներն ու ավանդույթների վերածնունդը


Դիլիջանը Հայաստանի ամենագեղեցիկ և պատմական վայրերից մեկն է։ Իսկ փողոցներն այստեղ այնպիսի տեսք ունեն, ասես դրանց դար առ դար արարել են արվեստագետներ։ Եվ եթե դուք որոշել եք գնալ Հայաստան և այցելել երկրի այս հատվածը, մենք կպատմենք ձեզ ինչպիսի հետաքրքիր վայրեր արժի այցելել։

Երևանից Դիլիջան ճանապարհը մեքենայով տևում է մոտ երկու ժամ։ Ճանապարհին կտեսնեք սարեր, Սևանա լիճը և նույնիսկ, եթե բախտներդ բերի, լքված գյուղեր: Բայց մեր հիմնական նպատակը, իհարկե, Դիլիջանի փողոցներն են։ Դրանք լցված են հնագույն շինություններով, որոնցից շատերը կառուցվել են դեռ անցյալ դարում։ Այս շենքերից մի քանիսը գործում են որպես արվեստի դպրոցներ, որտեղ երկրի տարբեր մասերից երիտասարդ նկարիչները արհեստ են սովորում:

XIX դարով թվագրվող ավանդական, հնագույն ոճով տներ կարելի է տեսնել ոչ միայն Շարամբեյան փողոցում: Այսպես կոչված դիլիջանյան ոճով տներն առանձնանում են բաց պատշգամբներով, վարպետորեն մշակված բարակ փայտե սյուներ ու խոյակներ ունեցող ծածկապատշգամբներով, ինչպես նաև կարմիր կղմինդրով ծածկված տանիքներով ներդաշնակորեն միահյուսվում են քաղաքի լանդշաֆտին:

Ավելին, բացի գեղագիտական էֆեկտից, այս տներն իրենց ցանցկեն պատշգամբներով ու փայտի հրաշակերտ փորագրումներով մշակութաբանական յուրահատուկ նշանակություն ունեն Հայաստանում, որտեղ ճարտարապետության հիմնական նյութ է համարվում ոչ թե փայտը, այլ քարը:

Նմանատիպ շենքեր պահպանվել են Դիլիջանի հնամյա թաղամասում՝ Պապանինոյում: Նշենք, որ Պապանինո շրջանը մինչև Դիլիջանի՝ քաղաքի կարգավիճակ ստանալը մոլոկանների բնակավայր էր, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ տեղի շինությունների ճարտարապետական ոճի վրա: Ժողովրդական ճարտարապետության նմուշներ կարելի է հանդիպել նաև Մյասնիկյանի, Կալինինի, Լերմոնտովի, (քարամի քուչա) փողոցներում: Շատ տներ, ցավոք, չեն պահպանվել կամ գտնվում են կիսավեր վիճակում:

Պահպանված տները վերափոխվել են արհեստանոցների, հուշանվերների տաղավարների, հնաոճ ռեստորանների: Բացի այդ, շինարարության հնագույն ավանդույթների վերականգնման միտում է առաջացել: Նոր շենքեր կառուցելիս կամ հները վերականգնելիս հաշվի են առնվում փայտի ճարտարապետության տեղի ավանդույթները: Ուշադրություն դարձրեք քաղաքի նոր ավտոբուսային կանգառներին. դրանք բոլորը նույնպես պատրաստված են փայտից: Ընդհանուր առմամբ Դիլիջանը վայր է, որտեղ պատմությունը, բնությունը և արվեստը միահյուսվում են զարմանահրաշ հարմոնիայով։ Անկախ նրանից, թե ինչքան երկար եք պլանավորում մնալ այնտեղ, վստահաբար Հայաստանի այս հատվածը դեռ երկար կմնա ձեր սրտում։

Լրացրեք ձևը