Սունկը որպես Դիլիջանի այցեքարտ՝ որտեղ փորձել սնկից պատրաստված ամենահամեղ ուտեստները

Դիլիջանը հայտնի է իր խիտ կանաչ անտառներով ծածկված ազգային մեծ արգելոցով։ Զարմանալի չէ, որ տեղական սնունդը հարուստ է անտառում հայթհայթած բաղադրիչներով: Այդպիսի լայն տարածում ստացած մթերքներից է, իհարկե, սունկը՝ Տավուշի մարզի խոհանոցի անբաժանելի մասը և Դիլիջանի իսկական այցեքարտը։ Հարկավոր է նշել, որ սունկը հեռու է հայկական ազգային խոհանոցի ամենահայտնի բաղադրիչը լինելուց, ուստի դիլիջանյան գաստրոնոմիական համն իսկական հայտնագործություն կլինի գուրմանների համար։ Օրինակ՝ պատկերացնու՞մ եք հայկական տոլման, հարիսան և հաշիլը՝ սնկով։ Կամ սնկով Կեսարը։ Իսկ Դիլիջանում ոչ միայն պատկերացնում են, նույնիսկ՝ ակտիվորեն պատրաստում։

Դիլիջանյան ազգային պարկի տարածքում աճում է սնկի շուրջ 480 տեսակ, որոնցից ուտելի է համարվում միայն 176 տեսակ, իսկ 15-ը ընդգրկված է անհետացող տեսակների Կարմիր գրքում։ Այստեղ անտառներում աճում են ուտելի սնկերի հետևյալ հիմնական տեսակները. ծառի սունկ, սպիտակ սունկ, թնջուկ, կարմիր բաժակ, և, իհարկե, շամպինյոն։ Դիլիջանի խոհանոցում ամենատարածված տեսակները ծառի սնկերն են, որոնք, տեղումներից հետո, աճում են անմիջապես ծառերի բների վրա: Դրանք սիրում են տապակել ձվով՝ ըստ ճաշակի ավելացնելով սոխ, կանաչի և համեմունքներ։ Շամպինյոններով պատրաստում են խիտ ապուր, հաճարով փլավ, տարբեր աղցաններ կամ ուղղակի ապակում են կարտոֆիլով։

Ամառվա վերջ և աշնանը, երբ համատարած սկսվում է սնկի հավաքման սեզոնը, տնային տնտեսուհիները ձմռանն ընդառաջ պատրաստում են թթու և մարինացված սունկ, որը հիանալի նախուտեստ է համարվում։ Սնկին ըստ ճաշակի ավելացնում են սխտոր, դափնու տերև և բանջարեղեն ։

Որտե՞ղ Դիլիջանում կարելի է փորձել սնկից պատրաստված ուտեստներ.

Եթե ​​հնարավորություն չկա դիլիջանյան տանտիկիններին հյուր գնալու, ապա, անշուշտ, օգնության կգան սրճարաններն ու ռեստորանները, որոնցից յուրաքանչյուրը փորձում է պահպանել և քաղաքի հյուրերին փոխանցել տեղական խոհանոցի համերի ողջ տեսականին։ Ահա Դիլիջանի ռեստորանների ցանկը, որտեղ կարող եք փորձել սնկով ուտեստներ:

Sovats Vozni – սրճարան և բար Դիլիջանում, որի ճաշացանկը հարուստ է սնկից պատրաստված ուտեստներով։ Մատուցման առանձնահատուկ տեսակներից մեկն այն է, որ այցելուները գրիլի վրա իրենք են պատրաստում սունկը, միսը և խորոված բանջարեղենը: Սնկով պատրաստվող տեսակներից այստեղ կգտնեք նաև սնկի սոուսով խոզի մեդալյոններ, սպանախով և շամպինյոնով տալյատելե, վեգան կեսադիլյա, բուլղարական պղպեղով և սնկով հաճար, սնկով խորոված կարտոֆիլ և, իհարկե, դիլիջանյան սիրված նախաճաշ՝ սնկով ձվածեղ:

Papanino House – ևս մեկ վայր, որտեղ սունկը շատ սիրված է: Անպայման փորձեք սխտորի սոուսով համեմված սնկով և սպանախով հայկական ավանդական արիշտան։ Ձեզ հաճելիորեն կզարմացնեն և՛ սեզոնային սնկով պատրաստված ավանդական դիլիջանյան ապուրը, և միշտ անդիմադրելիորեն համեղ սնկով կրեմ-ապուրը:

Traveller’s Hut-ում միշտ ուրախացնում են թարմ ավանդական ուտեստներով։ Այստեղ ճաշացանկում կարող եք գտնել ձվով և կանաչիով խորոված ծառի սունկ, սնկով օմլետ և սնկով և բանջարեղենով ապուր:

Toon Armeni – տնական ռեստորան, որտեղ կարելի է նախաճաշել տապակած ծառի սնկով, իսկ ճաշել՝ դիլիջանյան սնկով ապուրով:

Այցելել Դիլիջանը և չփորձել տեղական սնկով կերակրատեսակները, նշանակում է բաց թողնել այս անտառաշատ շրջանի բնօրինակ խոհանոցին ծանոթանալու հնարավորությունը։ Դիլիջանում կարելի է ոչ միայն բացահայտել նոր, անսովոր համադրություններ, այլ ընկղմվել մանկության համերից առաջացած հաճելի հիշողությունների մեջ:

Լրացրեք ձևը