Հարուստ ներկապնակ. ե՞րբ արժի գալ Դիլիջան

Տարվա եղանակների փոփոխությունը ոչ միայն բնության օրինաչափությունն է, որն, ի դեպ, ոչ բոլոր երկրներին է բնորոշ։ Դա մի ամբողջ փիլիսոփայություն է, որը ձևավորում է ժողովուրդների, երկրների մշակութային առանձնահատկությունները։ Սա իսկական պոեզիա է, ինչին ունակ է միայն բնությունը. հիշեք, թե ինչ է նշանակում դա, ձմեռային տանջալի օրերից հետո նկատել ծառերի ճյուղերին առաջին բողբոջները, վայելել մայիսյան առատ անձրևների շրջանից հետո դուրս եկող արևը, իսկ սեպտեմբերին, հոգնելով արևելյան կիզիչ արևից, զգալ լեռնային զով քամու շունչը։ Իսկ ձմռան գալուստով, երբ լեռնային խորհրդավոր լանջերը ծածկվում են ձյունափայլ քողով, ընկղմվել, վերջապես, հանգստի տրամադրության մեջ։ Իսկ գարնանը արթնանալ կրկին։ Դա իսկական կախարդա՜նք է։ Մաթեմատիկորեն ստուգված օրինաչափություն, որի շնորհիվ բնությունը նվիրում է մեզ բազմազանություն, դինամիկա, բայց միաժամանակ հարմոնիա և կայունություն։

when-is-it-better-to-come-to-dilijan_8.jpg

Հայաստանում բոլոր չորս եղանակները արտահայտված են վառ, հագեցած գույներով։ Նայեք միայն հայ նկարիչների` Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի և այլոց բնապատկերներին։ Այս բոլոր գույները, որքան էլ որ ֆանտաստիկ թվան, վերցված են իրականությունից։ Իսկ ի՞նչ գույներով կարող է զարմացնել մեզ Դիլիջանը, որ համարվում է Հայաստանի ամենագեղատեսիլ անկյուններից մեկը:

when-is-it-better-to-come-to-dilijan_2.jpg

Դիլիջանը բոլոր կողմերից շրջապատված է Դիլիջանյան ազգային պարկի անտառներով։ Սա Հայաստանի շնչուղին է, կարևոր էկոհամակարգ' ազգային իսկական հարստություն։

Դիլիջանը միշտ բնության մասին է։ Բնության մասին է իր բոլոր օրինաչափություններով, անկրկնելի մայրամուտներով և լուսաբացերով, արևոտ ու ամպամած օրերով, դինամիկայով, եղանակների փոփոխականությամբ և նույնիսկ քմահաճություններով։

when-is-it-better-to-come-to-dilijan_3.jpg

Այս վայրում յուրաքանչյուր գործունեություն պայմանավորված է հենց շրջապատող լանդշաֆտով, կլիմայով և սեզոնայնությամբ։ Լեռնային գագաթներն ու շղթաները ներշնչում են կայունության և անսասանության զգացում։ Դրա հետ մեկտեղ օրեցօր նրանք նորովի են բացվում։ Մեկ խելահեղ ամպերն են ծածկում լեռների լանջերը, մեկ աննկարագրելի մայրամուտերն են դուրս գալիս ծանր ամպերի շուրջպարից, մեկ պայծառ արևն է մերկացնում դիլիջանյան լեռների անհասանելի գագաթները: Եվ այդ ամենը տեղի է ունենում մեկ օրում:

when-is-it-better-to-come-to-dilijan_6.jpg

Շատերն են նշում, որ Դիլիջանը հիասքանչ է աշնանը, երբ անտառոտ լեռները ծածկվում են գույների բազմազան երանգներով՝ կանաչով, դեղինով, ոսկեգույնով, հուր կարմիրով, մեղրագույնով, շագանակագույնով: Երբ ընթանում ես դիլիջանյան հայտնի ոլորաններով հոկտեմբերի կեսին, ստեղծվում է տպավորություն, որ հայտնվել ես իմպրեսսիոնիստների կտավում: Նոյեմբերին քաղաքը պատում է խորհրդավոր, կապույտ միգաշղարշը, ոտքերի տակ խշխշում են տերևները, իսկ բնությունը կամաց-կամաց քուն է մտնում՝ պատրաստվելով ձմեռային առաջին ձնահոսքին:

when-is-it-better-to-come-to-dilijan_7.jpg

Ճիշտ ժամանակն է փաթաթվել ծածկոցով և տաք թեյի գավաթը ձեռքիդ զմայլվել դիլիջանյան աշնան տաք երանգներով, ինչպես նաև փորձել «ղափամա»՝ դդմից պատրաստվող ազգային ամենահայտնի ճաշատեսակը: Ձյունոտ Դիլիջանը կարող է դառնալ սուրբծննդյան և ամանորյա իրական հեքիաթ: Փոքր քաղաք ձմեռային բացիկներից: Ընկերական հանդիպումները բուխարու մոտ, տաք թեյ դարչինով և մասուրով, տնական կարկանդակ: Ձմեռը Դիլիջանում թեև ձյունոտ է, բայց խստաշունչ չէ, ի տարբերություն Հայաստանի ավելի բարձրադիր մարզերի: Ձնով ծածկված փշատերև անտառները, որոնցով հայտնի է Դիլիջանյան ազգային պարկը, բնապատկերն ավելի մեղմ և գեղատեսիլ են դարձնում:

when-is-it-better-to-come-to-dilijan_4.jpg

Առանձնակի հաճույք է երկար սպասված գարնանը հետևել բնության զարթոնքին: Փետրվար-մարտ՝ անհավատալիորեն գեղեցիկ միջանկյալ եղանակ է, երբ մառախուղի կապույտ շղարշով ծածկված բնությունը դեռ քնած է: Բայց դա ուշ աշնանային բնապատկեր չէ, երբ բնությունը պատրաստվում է ձմռանը: Այստեղ այնպիսի լարվածություն է զգացվում: Լարվածություն բնության փառահեղ զարթոնքից առաջ:

when-is-it-better-to-come-to-dilijan_5.jpg

Գույների և կոնտրաստի բազմազանությամբ հարուստ է ոչ միայն աշունը: Հետևեք Ազգային պարկի բնությանը գարնանը: Կանաչի քանի երանգ կա այստեղ՝ զմրուխտ, բաց կանաչ, նեֆրիտ, վառ կանաչ: Ընդ որում, լեռների գագաթները դեռ ձյունապատ են: Կապույտ միգաշղարշը դեռ ետ չի քաշվել: Ապրիլի կեսին Տավուշի մարզի լեռնային զմրուխտե հովիտները վառվում են կարմիր ճրագով: Դա կակաչների ծաղկումն է: Հակադրության մեջ երիցուկի ձյունաճերմակ դաշտերն են: Ամենուր խոտերի, անանուխի, ծաղիկների բույրն է:

when-is-it-better-to-come-to-dilijan_1.jpg

Եվ, իհարկե, դիլիջանյան ամառը: Արդեն ոչ այնքան անձրևոտ, որքան գարունն է: Տաք, արևոտ, մեղմ: Այստեղ կարելի է փրկվել երևանյան կիզիչ տոթից: Քաղաքն առաջվա պես լողում է կանաչի մեջ, բայց գույններն այժմ այնքան էլ կտրուկ և կոնտրաստային չեն: Լեռների գագաթները մերկացած են: Խորհրդավոր միգաշղարշն անհետացել է՝ հասանելի դարձնելով լեռնաշղթաների ամենաբարձր կետերը: Աշխույժ հանգստի, քայլարշավների, հեծանվային զբոսանքների և պիկնիկների իսկական ժամանակն է:

when-is-it-better-to-come-to-dilijan_9.jpg

Երևի թե, այս մեղմության համար մենք բոլորս այնքան սիրում ենք Դիլիջանը: Կլիման Հայաստանում կոնտրաստային է, իսկ երբեմն՝ խստաշունչ. շոգ ամառ և սառնամանիքային ձմեռ: Բայց Դիլիջանն առանձնանում է մեղմ, հարմարավետ ջերմաստիճանով և ամռանը, և ձմռանը: Միանգամայն այլ կերպ է ամեն ինչ կիսասեզոնին, որն, ընդհակառակը, տարբերվում է գունեղությամբ, ցայտուն գույներով, դինամիկայով: Դիլիջանյան ազգային պարկի ողջ գեղեցկությունն արտահայտվում է հենց միջանկյալ եղանակին: Եզրահանգումն ինքն իրեն է ստացվում: Դիլիջանը գեղեցիկ է տարվա ցանկացած պահին, ցանկացած եղանակին և ցանկացած իրավիճակում: Չէ՞ որ Դիլիջանը բնության մասին է և բնության վերաբերյալ: Սա քաղաք է, որն ապրում է բնության, նրա օրինաչափությունների, երբեմն նաև քմահաճությունների հետ ներդաշնակ: Իսկ ժամանակակից մարդուն դա այնքան անհրաժեշտ է:

Լրացրեք ձևը