Ֆուտբոլի ակադեմիա «Իմպուլս». մարզական ավանդույթների վերածնունդ

Դիլիջանը ոչ միայն յուրահատուկ բնությամբ և ճարտարապետությամբ զբոսաշրջային կենտրոն է, այլև այն վայրը, որտեղ գործում է ժամանակակից «Իմպուլս» ֆուտբոլային ակադեմիան։ «Իմպուլս» անվանումը շատ տարածված է Դիլիջանում։ Կարելի է ասել, որ այն արդեն դարձել է քաղաքի հետ ասոցիացիաներից մեկը. այսպես են կոչվում հին գործարանը, առողջարաններն ու հանգստյան տները, իսկ 2023 թվականի հունվարին ստեղծվեց նոր «Իմպուլսը»՝ ֆուտբոլի ակադեմիան, որն այլ կերպ պարզապես չէր կարող անվանվել:

Բանն այն է, որ «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի պատմությունը սկսվել է Դիլիջանում դեռ խորհրդային տարիներին։ Ակումբը գործել է 1985–1994 թվականներին, իսկ հետո այն վերականգնելու փորձեր են արվել 2009–2013 թվականներին։ Իր գոյության ընթացքում «Իմպուլսը» հանդես է եկել բարձրագույն դիվիզիոնում և Հայաստանի Պրեմիեր Լիգայում, դարձել է ՀԽՍՀ գավաթի հաղթող (1985թ.), Առաջին լիգայի չեմպիոն (2009թ.) և Հայաստանի գավաթի ֆինալիստ (2011թ., 2012թ.): Սակայն 2013 թվականին ակումբը վերջնականապես դադարեցրեց գործունեությունը, որպեսզի վերածնվի 10 տարի անց։

Այժմ «Իմպուլս» ֆուտբոլային ակումբի սեփական դաշտը կրկին աշխույժ է. այստեղ խաղում և մարզվում են «Իմպուլս» ֆուտբոլային նոր ակադեմիայի երեխաները: Ակադեմիան հիմնադրվել է Դիլիջանի զարգացման հիմնադրամի (DDF) շնորհիվ և իրականացվում է Ռուբեն Վարդանյանի և Վերոնիկա Զոնաբենդի կողմից, 2012 թվականին մեկնարկած Դիլիջանի զարգացման ծրագրի շրջանակներում։ «Իմպուլս» ակադեմիայի ռազմավարությունը ներառում է և՛ ուսումնական պլան, և՛ սոցիալական խնդիրների լուծում՝ տեղի երեխաների ներուժի զարգացում, սպորտի մասսայականացում Դիլիջանում։

2 տարվա ընթացքում նախագիծը հասել է շոշափելի արդյունքների, որում կարևոր դեր է խաղում փորձառու մասնագետներից կազմված անձնակազմը: Ուսանողների հետ աշխատում են ինչպես ռուս, այնպես էլ հայ մարզիչներ։ Ակադեմիայի սպորտային տնօրեն Ալեքսանդր Գոլովենկովը երկար տարիներ աշխատել է երեխաների հետ Մոսկվայի «Բարսելոնա», «Միլենիում Յունայթեդ» դպրոցներում և մերձմոսկովյան «Իստրա» մանկապատանեկան մարզադպրոցում։ «Իմպուլսի» մեկ այլ մարզիչ Նարեկ Դավթյանը ծնունդով դիլիջանցի է, տեղի մարզադպրոցի շրջանավարտ, ֆուտզալի Հայաստանի բարձրագույն լիգայի նախկին խաղացող։

Իմպուլս ակադեմիան յուրաքանչյուր տարիքային խմբի համար մշակել է արդյունավետ ուսուցման ծրագիր՝ հաշվի առնելով խաղացողների հմտություններն ու կարիքները: Այն հետաքրքիր կլինի ինչպես սկսնակների, այնպես էլ ավելի փորձառու ուսանողների համար։ Ընդհանուր ֆիզիկական զարգացման և ֆուտբոլային հմտությունների հետ մեկտեղ երեխաներին և դեռահասներին օգնում են ձեռք բերել առաջնորդության և թիմային աշխատանքի հմտություններ, սովորել նպատակներ սահմանել և որոշումներ կայացնել։

Ակադեմիան ունի վեց տարիքային խումբ: Դռները բաց են 5-ից 16 տարեկան երեխաների համար, կա նաև մեծահասակների թիմ, որի մեջ մտնում է նաև կանանց թիմ։ Յուրաքանչյուր տարիքային խումբ բաժանված է ևս երկու փոքր խմբերի՝ համեմատաբար թույլ և ուժեղ խաղացողների: Դա արվում է, որպեսզի ավելի թույլ երեխաները ձգտեն հասնել ավելի ուժեղների, ձեռք բերեն մոտիվացիա և նպատակասլացություն: Յուրաքանչյուր տարիքային խմբում կա երկու մարզիչ, ինչն է՛լ ավելի արդյունավետ է դարձնում երեխաների հետ աշխատանքը։

Հարկ է նշել, որ ակադեմիան ընդունում է բոլորովին տարբեր պատրաստվածության մակարդակի երեխաների: Ակումբի և ընդհանուր առմամբ ակադեմիայի գաղափարը ֆուտբոլիստ պատրաստելն ու զարգացնելն է։ Առաջին պարապմունքից հետո պարզ է դառնում, թե որ խմբին է նշանակվելու երեխան։ Մանկական թիմերը պարբերաբար ընկերական հանդիպումներ են անցկացնում Երևանի և Տավուշի մարզի հասակակից խմբերի հետ, իսկ 2024 թվականին նախատեսվում է նրանց մասնակցությունը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հովանու ներքո անցկացվող պաշտոնական մրցաշարերին:

Այժմ ակադեմիայում սովորում է մոտ 200 երեխա, թեև սկզբում սպասվում էր մոտ 70-ը: «Իմպուլսը» նախատեսում է իր երիտասարդ խաղացողներին վերածել մեծահասակների խմբերի խաղացողների։ Ակումբի տղամարդկանց հիմնական թիմն արդեն հանդես է գալիս Հայաստանի սիրողական լիգայում։ Հուսով ենք, որ ակադեմիայի նախագծի օգնությամբ հնարավոր կլինի կրկին ստեղծել ուժեղ ֆուտբոլային ակումբ, ինչպես նաև Դիլիջանի երիտասարդության մեջ սեր սերմանել սպորտի և մասնավորապես ֆուտբոլի նկատմամբ։

Լրացրեք ձևը