Այվազովսկի, Շիշկին և նախապատմական գտածոներ մեկ հարկի տակ. էլ ինչո՞վ կզարմացնի Գավառագիտական թանգարանը՝ Դիլիջանի պատկերասրահը

XIX դ. կեսին, Դիլիջանի մոտակայքում, Հայաստանի տարածքում առաջին անգամ իրականացվեցին հնագիտական պեղումներ, որոնց ընթացքում հայտնաբերվեցին հնագույն գտածոներ, որոնք թվագրվում են մ.թ.ա III հազարամյակով: Հայտնաբերված գտածոները՝ աշխատանքային գործիքներ, սպասք, զարդեր և շատ այլ իրեր, այժմ պահվում են Գավառագիտական թանգարանում՝ Դիլիջանի պատկերասրահում: Դա թանգարան այցելելու պատճառներից միայն մեկն է: Էլ ինչո՞վ կարող է այն գրավել քաղաքի հյուրերին: Եկեք հասկանանք միասին:

monuments-of-the-city_8.jpg

Ավելի լավ հասկանալ քաղաքը

Գավառագիտական թանգարան՝ ցանկացած քաղաքի պատմամշակութային ներկայացման կարևորագույն մաս: Եւ Դիլիջանի թանգարանը բացառություն չի կազմում: Բավական է միայն մուտք գործել թանգարան, որպեսզի համոզվել դրանում:

Կոնցեպտուալ առումով թանգարանը բաժանված է երկու հատվածի՝ գավառագիտական թանգարանի և պատկերասրահի: Դիլիջանի Գավառագիտական թանգարանը ժամանակի մեքենա է, որի շնորհիվ կարելի է տեղափոխվել էնեոլիթի ուշ դարաշրջան կամ XIX դարի մտավորականության քաղաքային նրբաճաշակ ինտերիեր, ծանոթանալ կենցաղային հնագույն իրերի և զարդերի վրա առկա յուրօրինակ քանդակների հետ, որոնք մինչև այսօր ոգեշնչում են ժամանակակից արհեստագործներին և ոսկերիչներին, ինչպես նաև համոզվել հայկական գորգագործության, բրուտագործության և այլ արհեստների եզակի լինելու հարցում:

«Առանց այս թանգարանի անհնար է հասկանալ Դիլիջանը: Չէ՞ որ թանգարանն իրենից ներկայացնում է այն ամենն, ինչով շնչում է մեր քաղաքը. դա և՛ գավառագիտական հատվածն է՝ տարածաշրջանի պատմությունը, պեղումների ժամանակ հայտնաբերված հնագույն գտածոները, և՛ պատկերասրահը: Մեկ տանիքի տակ ներկայացված են երկու տարերքներ: Հենց այսպիսի կոնցեպցիա ենք մենք առաջարկում այցելուներին, և կարծում եմ, որ այս ձևաչափը շատ ավելի հետաքրքիր է զբոսաշրջիկների համար»,- ընդգծում է թանգարանի տնօրենը՝ գեղանկարիչ Արման Բադեյանը:

Դիլիջանի Գավառագիտական թանգարանի բացումը տեղի է ունեցել 1950 թվականին, միայն թե, դրանից շատ ավելի առաջ պատմական յուրօրինակ գտածոների ցուցադրությունը պահպանվում էր Դիլիջանի գրադարանի շենքում (հավաքածուն ստեղծվել էր արվեստագետ Սարիկ Դավթյանի կողմից): 1957 թվականին նկարիչ Հովհաննես Շարամբեյանի ջանքերով բացվեց նաև Պատկերասրահը:

Թանգարանն այցելելուց հետո Դիլիջանն իսկապես բացահայտվում է նոր դիտանկյունից. ինչպես քաղաք, որի մեջ միահյուսված են հին դարերի պատմությունը, արհեստագործության հին ավանդույթները, կերպարվեստն ու բնության վեհությունը: Այժմ ցանկացած փողոց, շենք, Դիլիջանից ցանկացած հուշանվեր ձեռք է բերում միանգամայն նոր իմաստ:

Հաղորդակցվել գեղեցիկին. Այվազովսկու, Սարյանի, Շիշկինի, Քենտի աշխատանքները

Պատկերասրահում ներկայացված են ոչ միայն հայտնի հայ նկարիչների, այլև համաշխարհային ճանաչում ունեցող արտասահմանյան գեղանկարիչների կտավներ՝ ամերիկացի նկարիչ Ռոքուել Քենտի, ռուս գեղանկարիչ Իվան Շիշկինի, մեծն ծովանկարիչ Իվան Այվազովսկու և նրա աշակերտ Լև Լագորիոյի և նույնիսկ XVI-XVIII դդ. նիդեռլանդցի, իտալացի և ֆրանսիացի նկարիչների աշխատանքներից:

«Ռոքուել Քենտը շրջագայում էր Խորհրդային Միության քաղաքներով, և Դիլիջան չգալն ուղղակի հանցագործություն կլիներ: Նա նաև համեմատում էր այն Շվեյցարիայի հետ: Եւ նկարչի՝ այս կողմերով իրապես հիացած լինելու ապացույցն այն է, որ նա պատկերասրահին է նվիրել իր աշխատանքներից մի քանիսը», - պատմում է Արման Բադեյանը:

Հայկական գեղանկարչությունը ներկայացված է իր գունապնակի բոլոր վառ գույներով: Դա և հայ գեղանկարչության դպրոցի հիմնադիրներներ Գ. Բաշինջաղյանի, Վ. Սուրենյանի, Փ. Թերլեմեզյանի, Մ. Սարյանի կտավներն են, և անկրկնելի Մինաս Ավետիսյանի նկարները: Ի դեպ, հենց Մինաս Ավետիսյանի «Հանգիստ» նկարը, թանգարանի տնօրեն Արման Բադեյանի խոսքերով, դարձել է պատկերասրահի խորհրդանիշներից մեկը՝ զբոսաշրջիկների կողմից ամենաշատ սիրվածն ու լուսանկարվողը:

Արման Բադեյանի խոսքերով, հատուկ ուշադրության են արժանի ցուցասրահները, որտեղ ներկայացված է հայկական սոցռեալիզմը, որն ունի իր առանձնահատկությունները և այդ ուղղության մասին ընդհանուր պատկերացումների շրջանակից բավականին դուրս է։

«Ամեն թանգարանում այսօր չես հանդիպի սոցռեալիզմ։ Մենք ունենք երկու սրահ, որտեղ ներկայացված են այդ ժամանակաշրջանի հայ նկարիչների և քանդակագործների գործերը` խրուշչովյան ձնհալից առաջ և հետո։ Այստեղ ցուցադրված են Մհեր Աբեղյանի, Ռուբեն Ադալյանի, Լևոն Կոջոյանի, Արփենիկ Նալբանդյանի նկարներն ու հետաքրքիր շատ այլ գործեր: Դա բավականին մեծ հավաքածու է», - ընդգծում է նա։

Յուրացնել ավանդական արհեստների հիմունքները

Գավառագիտական թանգարանում՝ Դիլիջանի պատկերասրահում անցկացվում են վարպետաց դասեր, որոնց կարող են մասնակցել ինչպես տեղի բնակիչները, այնպես էլ քաղաքի հյուրերը (և մեծերը, և երեխաները)։

Թանգարանն այցելուներին է առաջարկում վարպետաց 5 դասեր.

  • Գորգագործության վարպետաց դաս. 1-2 ժամում դուք կարող եք գործել ոչ մեծ զարդանախշ նախապես պատրաստած բրդյա հենքի վրա։ Հայկական գորգագործությունն առանձնանում է կրկնակի հանգույցի տեխնոլոգիայով, հենց դա են սովորեցնում այս վարպետաց դասին։ Աշխատանքն արվում է բրդյա թելերով և համբերություն է պահանջում։
  • Կարպետագործության վարպետաց դաս. կարպետներն ու գորգերն առանձնանում են ինչպես պատրաստման տեխնոլոգիայով, այնպես էլ արտաքին տեսքով (օրինակ, կարպետը չունի հանգույցներ հակառակ կողմում)։ Վարպետաց դասին առաջարկվում է գործել ոչ մեծ զարդանախշ նախապես պատրաստած հենքի վրա։
  • Բատիկայի վարպետաց դաս. բատիկը կտորի նկարազարդման տեխնիկա/արվեստ է: Մասնակիցներին առաջարկվում է փայտե ոչ մեծ շրջանակի վրա տեղադրված կտորի վրա հատուկ ներկերով էսքիզ գունավորել(դիլիջանյան թեմատիկայով):
  • Ոսկերչական իրերի պատրաստման վարպետաց դաս: յուրահատուկ վարպետաց դաս, որի ընթացքում մասնակիցներին առաջարկվում է փորձել իրենց ոսկերչի դերում և արտասովոր զարդեր պատրաստել ոչ միայն իրենց, այլև մտերիմներին նվիրելու համար: Որպես պատրաստման նյութ պղինձն է ծառայում, ոգեշնչման աղբյուր՝ թանգարանի հնագիտական սրահի զարդերը:
  • Գեղարվեստական գծանկարչության վարպետաց դաս (լինոլեումի վրա). վարպետաց դասին կիրառվում է լինոլեումի վրա փորագրելու տեխնիկան: Թանգարանի վարպետներն այցելուների համար արդեն պատրաստել են նկարների էսքիզներ փորագրման համար: Դրանք բոլորը խորհրդանշում են Դիլիջանը:

Վարպետաց ամեն դաս ուղեկցվում է Դիլիջանում այս կամ այն արհեստի զարգացման և նրբությունների մասին: Ձեզ կպատմեն հայկական կարպետագործության առանձնահատկությունների մասին, որի պատմությունը գալիս է դարերի խորքից, ազգային զարդանախշի տեսակների, բրդյա թելերի գունավորման գործընթացի, բատիկայի և լինոլեումի վրա գծանկարչության տեխնոլոգիայի մասին:

Բայց ամենագլխավորը՝ վարպետաց դասերի մասնակիցները կարող են իրենց հետ վերցնել Դիլիջանի՝ իրենց իսկ ձեռքերով պատրաստած պատառիկները:


Լրացրեք ձևը