Դիլիջանի UWC քոլեջը նշում է իր 10 ամյակը. ինչպես ապագայի դպրոցը փոխեց քաղաքը

Ուղիղ 10 տարի առաջ Դիլիջանի գեղատեսիլ լանջերից մեկի վրա բացվեց UWC Dilijan պանսիոնատ-դպրոցը՝ քաղաքի պատմության և համաշխարհային ասպարեզում նրա նշանակության նոր էջը։ Այդ պահից ի վեր Դիլիջանը հայտնի է ոչ միայն որպես առողջարանային քաղաք, որտեղ ժամանակին սիրում էր հանգստանալ խորհրդային մտավորականությունը, այլ նաև որպես մոլորակի 18 վայրերից մեկը, որտեղ բացվել է United World Colleges (UWC) ցանցի յուրահատուկ դպրոց:
UWC մոդելի դպրոց Հայաստան բերելու գաղափարը ծագել է Ռուբեն Վարդանյանի և նրա տիկնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի մոտ դեռ 2006 թվականին։ Նրանք երազում էին Հայաստանում ստեղծել միջազգային մակարդակի կրթական հաստատություն, որտեղ կսովորեին բոլորովին այլ ծագում ունեցող երիտասարդներ՝ տարբեր երկրներից, տարբեր կրոններից և սոցիալական շերտերից։ Այս լայնածավալ ու համարձակ գաղափարը, որի իրականացման համար նրանց հաջողվեց հավաքել ավելի քան երեք հարյուր հովանավոր աշխարհի տարբեր ծայրերից, իրականություն դարձավ 2014 թվականին։ Իր առաջին տարում դպրոցն ընդունեց 94 ուսանող 49 երկրից, իսկ այժմ այն ունի 220 ուսանող 80 երկրից։ Ուսանողների ավելի քան 70%-ը ստանում է լրիվ կամ մասնակի կրթաթոշակ, ինչը կրթությունը հասանելի է դարձնում տարբեր սոցիալական խմբերի տաղանդավոր երիտասարդների համար:
UWC Dilijan-ի հիմնադիրների գլխավոր նպատակներն են․ մշակույթների փոխանակումը, ուսանողների որակյալ կրթությունը, նրանց փոխազդեցությունը տեղային միջավայրի հետ, ինչպես նաև Հայաստանի զարգացումն ու նրա ճանաչելիության բարձրացումը համաշխարհային ասպարեզում:

Ուսանողները սովորում են Միջազգային բակալավրիատի (IB) ծրագրով, որի հիմնական գաղափարն է անհատի համակողմանի զարգացումը գլոբալ մարտահրավերների պայմաններում: Ի տարբերություն ակադեմիական խստության, ծրագիրը առաջնահերթություն է տալիս համագործակցության, խնդիրների լուծման և որոշումներ կայացնելու հմտությունների դասավանդմանը: Դպրոցի հիմնադիրները հավատում են, որ դրանք հիմնական հմտություններն են այսօրվա արագ փոփոխվող աշխարհում, որտեղ տեղեկատվությունը մշտապես դառնում է հնացած և անընդհատ թարմացվում է: Այն թույլ է տալիս ուսանողներին լինել ճկուն և պատրաստ իրադարձություների ցանկացած զարգացմանը: Դասավանդման կարևոր մաս է կազմում ակտիվ մասնակցությունը տարբեր միջոցառումներին, սոցիալական նախագծերին և կամավորական գործունեությանը:
UWC Dilijan-ի շրջանավարտները հնարավորություն ունեն ընդունվելու աշխարհի առաջատար համալսարաններ, ինչպիսիք են Յեյլի, Հարվարդի, Կոլումբիայի և շատ այլ համալսարաններ՝ տարբեր մայրցամաքներում տարածելով իրենց մեջ դպրոցի կողմից սերմանված արժեքները:
UWC տեղակայումը Դիլիջանում մեծ ազդեցություն ունի ուսանողների աշխարհայացքի վրա. նրանք ուսումնասիրում են տարածաշրջանը և իր առանձնահատկությունները, հակամարտությունների կարգավորման և խաղաղության պահպանման խնդիրները: Կամավորական գործունեությունը և outdoor education բացօթյա կրթությունը (արշավներ, պատմության և բնության ուսումնասիրություններ, էքսկուրսիաներ դեպի տեսարժան վայրեր) թույլ են տալիս ուսանողներին ավելի լավ ճանաչել այն երկիրը, որտեղ գտնվում են, ինչպես նաև շփվել տեղաբնակների հետ՝ խորացնելով միջմշակութային կապերը: UWC քոլեջի ուսանողներն ամեն տարի ստանձնում են ավելի քան 9000 ժամ համայնքային ծառայություն՝ ներառյալ համագործակցությունը տեղական կրթական և սոցիալական հաստատությունների հետ, ինչպես նաև աշխատանքը բնակչության խոցելի խմբերի հետ: Չափազանցություն չի լինի ասել, որ UWC քոլեջի յուրաքանչյուր ուսանող Դիլիջանի և Հայաստանի ապագա դեսպանն է։
Քոլեջի ազդեցությունը Դիլիջանի զարգացման վրա դժվար է գերագնահատել. նախ և առաջ, ինչպես նշվեց ավելի վաղ, քաղաքը հայտնվեց աշխարհի կրթական քարտեզի վրա UWC ցանցի մյուս 17 դպրոցների քաղաքների հետ միասին; դպրոցի բացմամբ ավելացավ զբոսաշրջիկների և մասնագետների հոսքը, ինչը խթան հանդիսացավ տնտեսական աճի համար; ստեղծվեցին շուրջ 300 մշտական և 1700 ժամանակավոր աշխատատեղեր։ Երկրորդը, UWC Dilijan-ը ակտիվորեն իրականացնում է կրթական և մշակութային ծրագրեր տեղի բնակիչների համար: Օրինակ՝ 2021 թվականին Samsung Electronics ընկերության հետ համատեղ ստեղծվեց կամպուս՝ հայ երիտասարդներին ՏՏ ոլորտում առաջադեմ հմտություններ ուսանելու համար:
UWC Dilijan-ի տարածքում գործում է նաև Դիլիջանի միջազգային դպրոցը (DIS), որը նախատեսված էր աշխատակիցների երեխաների համար, սակայն իր գոյության 10 տարիների ընթացքում այն վերածվեց լիարժեք հաստատության, որտեղ սովորում է ավելի քան 70 երեխա՝ նախադպրոցական տարիքից մինչև 10-րդ դասարան և աշխատում է 16 ուսուցիչ ինը երկրից: DIS-ն իր կրթական բարձր չափանիշների շնորհիվ այս տարի ստացավ Քեմբրիջի միջազգային դպրոցի հավատարմագրում, ինչը ևս մեկ մեծ քայլ է Դիլիջանը որպես կրթական կենտրոն զարգացնելու գործում:

Առանձնահատուկ ուշադրության է արժանի UWC Dilijan կամպուսի ճարտարապետությունը: Շենքերի ժամանակակից դիզայնը ներառում է տեղային տարրեր, ինչպիսիք են տեղական քարը և փայտե պատշգամբները՝ ընդգծելով առաջընթացի հանդեպ հավատարմությունը և հարգանքը ավանդական արժեքների հանդեպ: Քոլեջը կառուցված է առաջադեմ կանաչ տեխնոլոգիաների կիրառմամբ, ներառյալ բնական աղբյուրներից ջրի պաշարների հավաքում, ոռոգման համար անձրևաջրերի օգտագործում և կեղտաջրերի վերամշակում: Ուսանողների համար հասանելի են․ մարզասրահ, փակ լողավազան և մի քանի սպորտային հարթակներ: Կամպուսի տարածքում առկա է գրադարան և ՏՏ կենտրոն, ճաշարան, բժշկական կենտրոն, նույնիսկ՝ խեցեգործության արհեստանոց: Եվ այս ամենը շրջապատված է ազգային արգելոցի անտառապատ լեռներով։ Ավելո՞րդ է կլինի ասել, որ իդեալական պայմաններ են սովորելու և ապրելու համար:
Իր գոյության 10 տարիների ընթացքում UWC Dilijan քոլեջը դարձել է Հայաստանի, Դիլիջանի կրթական և մշակութային լանդշաֆտի և UWC համաշխարհային ցանցի անբաժանելի մաս: Չնայած տարածաշրջանային իրավիճակային դժվարություններին՝ դպրոցը, ոգեշնչելով աշակերտներին, ուսուցիչներին, նվիրատուներին և տեղի բնակիչներին, շարունակում է իր ակտիվ գործունեությունը, ի նպաստ արդյունավետ համագործակցության և փոխադարձ ազդեցության։
Հարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում