Ղազարոս Աղայանի անվ. գրադարան. անցյալի ավանդույթներն ու ապագայի մեծ հույսերը


Դիլիջանում գործում է Հայաստանի ամենահին հանրային գրադարանը՝ Դիլիջանի Ղազարոս Աղայանի անվ. կենտրոնական գրադարանը։ Ահա արդեն մեկ հարյուրամյակից ավելի գրադարանն ուրախացնում է գրքասերներին հայ, ռուս և համաշխարհային դասական գրականության, մասնագիտական և գիտական գրականության, հրապարակախոսական, ժամանակակից հեղինակների նոր գլուխգործոցներով։

Գրադարանն ունի հագեցած պատմություն. արժանապատիվ անցյալ, անորոշ ներկա և ապագայի մեծ հույսեր։ Թե ինչպես է սկսվել ամեն ինչ և ինչպես է այժմ ապրում Հայաստանի հանրային առաջին գրադարանը, կարդացեք մեր հոդվածում:

«Դիլիջանցիներն իրենց հոգին են այստեղ դրել»

Գրադարանը հիմնադրվել է 1908 թ. և գործել է այն ժամանակ միակ եկեղեցական ծխական դպրոցին կից: Առաջին գրադարանավար դարձավ դպրոցի վաստակաշատ ուսուցիչ Հովհաննես Զաքարյանը: Իր հիշողություններում նա գրում է.

«1908 թ. Դիլիջանում բացվեց Թիֆլիսի բարեգործական միության մասնաճյուղը: Հենց նույն տարում նորաթուխ գրադարանն առանձնացավ դպրոցից և անվանվեց Ղազարոս Աղայանի պատվին՝ բանաստեղծի 40-ամյա հոբելյանին ընդառաջ: Նոր գրադարանը սկսեց իր գործունեությունը որպես անկախ կազմակերպություն, գրքային ֆոնդը հասնում էր մի քանի տասնյակ գրքի»:

Հիմքը գցված էր: Գրադարանի հետագա զարգացումը հնարավոր դարձավ դիլիջանցիների սրտացավ վերաբերմունքի և հանգանակությունների շնորհիվ:

«Գրադարանի գրքային ֆոնդը տարեցտարի համալրվում էր հայ, ռուս և համաշխարհային դասական գրականությամբ, ինչպես նաև փիլիսոփայական, բժշկական, գյուղատնտեսական և մասնագիտական այլ գրականության նմուշներով: Դիլիջանցիները հենց ամենասկզբից իրենց հոգին ներդրեցին»,- պատմում է Աննա Ապրոյանը՝ Ղազարոս Աղայանի անվ. Քաղաքային կենտրոնական գրադարանի ղեկավարը:

Սկսած 1909 թ. գրադարանին կից սկսեց գործել գրական ակումբ, որտեղ անց էին կացվում ստեղծագործական երեկոներ, բանավեճեր և հանդիպումներ։ Շուտով ակումբը դարձավ դիլիջանցիների սիրած վայրերից մեկը, հատկապես ձմռանը, իսկ տաք օրերին ստեղծագործ մտավորականությունը հավաքվում էր Ռոտոնդա ամառային թատրոնում։ 

Հագեցած ստեղծագործական կյանքի և ընթերցանության տարածման շնորհիվ Դիլիջանը XX դարի սկզբին առանձնանում էր բնակչության գրագիտության բավականին բարձր մակարդակով։

Հայ մտավորականության հանդիպման վայր

1948 թ. գրադարանի ղեկավար է նշանակվում Սերիկ Դավթյանը, ով մեծ ավանդ ունեցավ ոչ միայն գրադարանի, այլև քաղաքի ստեղծագործական և գիտական կյանքի զարգացման մեջ։ Նրա օրոք սկսվում է գրադարանի բոլոր գրքերի գրանցումն ու կատալոգների կազմումը, գրադարանին կից սկսում են գործել գրական, գեղարվեստական, լեզուների, գիտական խմբակներ։

Երկար տարիներ այստեղ կազմակերպվում էին տեղացի նկարիչների ցուցահանդեսներ, գրական երեկոներ, բեմադրվում էին ներկայացումներ, ելույթ էին ունենում երիտասարդ երաժիշտներ։ Հատուկ ուշադրության են արժանի հայ մտավորականության վառ ներկայացուցիչների հետ հանդիպումները. այստեղ հյուրընկալվել են Մարտիրոս Սարյանը, Ավետիք Իսահակյանը, Պարույր Սևակը, Հրաչյա Քոչարը և ուրիշ բանաստեղծներ, գիտնականներ, հանրային գործիչներ։

«Այստեղ քննարկվում էին էկոնոմիկայի, քաղաքական, մշակութային հարցերը, երկրում տեղի ունեցող հանրային իրադարձությունները։ Տոնվում էին կարևոր հոբելյաններն և իրադարձությունները», - ընդգծում է Աիդա Ապրոյանը։

1974 թվականին գրադարանը տեղափոխվեց նոր շենք։ Իսկ մեկ տարի անց Ղազարոս Աղայանի անվ. գրադարանի հիման վրա ստեղծվեց գրադարանների կենտրոնացված համակարգը, որը մինչև այսօր ներառում է քաղաքի և մերձակայքում գտնվող բնակավայրերի 8 հանրային և 2 մանկական գրադարանները։

« Դա մեր գրադարանի ծաղկման շրջանն էր։ Մենք հաղթանակ էինք տանում համամիութենական մրցություններում, մեր մոտ արտասահմանյան մասնագետներ էին գալիս փորձի փոխանակման համար։ Բայց, ցավոք, 1988 թ. ողբերգական երկրաշարժն իր հետքը Դիլիջանում էլ թողեց. մեր գրադարանի շենքը նույնպես տուժեց, և մենք ստիպված էինք լքել այն», - պատմում է Աիդա Ապրոյանը։

Այժմ գրադարանը գործում է Մշակույթի պալատի շենքում, որը նույնպես գտնվում է վթարային վիճակում, իսկ ձմռանն այստեղ ընդհանրապես բացակայում է ջեռուցումը։

«Մեզ թվում էր, որ մենք այստեղ ժամանակավորապես ենք, և որ նախկին շենքի վերականգնումից հետո մեզ հետ կկանչեն։ Բայց ահա արդեն երկար տարիներ մենք այստեղ ենք։ Ինչ էլ որ պատահի, մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի աշխատենք սովորական ռեժիմով. օգնենք մեր այցելուներին, համագործակցենք հրատարակչատների հետ, ապահովենք մեր գրադարանը գրականության նորույթներով, աշխատենք արխիվների հետ և հավաքենք տվյալներ քաղաքի մասին: Մենք շարունակում ենք կազմակերպել հանդիպումներ, երեկոներ, միջոցառումներ, թեկուզ և փոքր-ինչ դժվարին հանգամանքներում»,- նշում է գրադարանի տնօրենը՝ չթաքցնելով, որ անորոշ իրավիճակը շատ է հուսահատեցնում, քանի որ հաճախակի տեղափոխությունները վնաս են հասցնում գրքային ֆոնդին:

Դիլիջան՝ ինչպես և նախկինում գրքասերների քաղաք

Աիդա Ապրոյանն աշխատում է գրադարանում արդեն 40 տարի, նա տեղափոխվել է Դիլիջան Երևանից, որտեղ նույնպես աշխատում էր Իսահակյանի անվ. գրադարանում: Գրադարանի տնօրենը հավաստիացնում է, որ այսօր Դիլիջանն առաջվա պես գրքասերների քաղաք է: Ամեն օր գրադարանն ընդունում է մոտ 50 ընթերցողի: Իսկ հիմա՝ ամառային արձակուրդների շրջանում, գրադարանում շատ դպրոցականներ կան, որոնք ավանդույթի համաձայն գրքեր են վերցնում ամառային ընթերցանության համար:

«Այո, Դիլիջանը կարդացող քաղաք է: Ստեղծագործ մարդկանց, մտավորականների քաղաք»,- նշում է նա:

Ներկա պահին, տնօրենի խոսքերով, գրադարան են հաճախում նաև ռուսախոս վերաբնակիչներ: Նրանց զարմացնում է ռուսերեն լեզվով գրքերի լայն ընտրությունը, մշակութաբանության հարուստ բաժինը:

«Չնայած կարծրատիպերին, մեր աշխատանքը շատ հետաքրքիր է: Մենք մեր գործը շատ ենք սիրում. փնտրել գրքեր մեր ընթերցողների պահանջներին համապատասխան, օգնել նրանց կողմնորոշվել ընտրության հարցում: Մեր աշխատակիցները բոլո՛րն են այդպիսին: Տեղյակ են բոլոր ոլորտներից, բոլոր նորույթներից, գիտեն ընթերցողների նախընրությունների մասին: Եւ դա ամենահետաքրքիրն է մեր աշխատանքում: Պետք է տեղյակ լինել ամեն ինչից: Չէ՞ որ մեր մոտ գալիս են տարբեր մարդիկ, և մենք պարտավոր ենք բավարարել նրանց պահանջմունքները»,- պատմում է Աիդա Ապրոյանը:

Այն, որ Դիլիջանը իսկապես կարդացող քաղաք է, հաստատում է նաև Հասմիկ Հակոբյանը, գրադարանի աշխատակցուհին, ով աշխատում է այստեղ 1975 թվականից: Նա շատ համեստորեն է պատմում իր գործունեության մասին, սակայն նրան ճանաչում են դիլիջանյան գրքասերների շատ սերունդներ, իսկ աշխատակիցները նրան գրադարանի հենասյուն են անվանում:

« Բոլորին թվում է, որ երիտասարդ մարդիկ այլևս հետաքրքրված չեն ընթերցանությամբ, բայդ դա ընդհանրապես այդպես չէ: Երբեմն մենք նույնիսկ չենք հասցնում բավարարել նրանց պահանջմունքներին: Չէ որ դուք էլ եք հիմա տեսնում այդ ամենը (իսկապես, մեր այցելության ժամանակ գրադարանում շատ ընթերցողներ կային, իսկական աշխատանքային մթնոլորտ էր տիրում,- դիտարկում է հեղ.) Ինձ դա շատ է ուրախացնում: Համալսարանական և դպրոցական ծրագրային գրականությունից բացի երիտասարդությունն այժմ նախընտրում է մոտիվացիոն գրականություն: Եւ մենք ձգտում ենք լրացնել մեր ֆոնդը ժամանակակից գրականությամբ», - պատմում է նա:

Դժվարին պայմաններն ու վթարային շենքում անձնվեր աշխատանքն այսօր, մեծ հույսերն ու վաղվա երկարատև ծրագրերը՝ ողջ այս մթնոլորտով են լի աշխատանքային աշխույժ օրերը: Գրադարանն իսկապես շարունակում է զգուշորեն պահպանել Հայաստանի ամենաշատ կարդացող քաղաքներից մեկի կարգավիճակը դեռևս չկորցրած Դիլիջանի մշակութային ավանդույթները:

Լրացրեք ձևը