Ալեքսան Ներսիսյան․«Ես պետք է անեմ մի բան, որը վարակիչ օրինակ կլինի ուրիշների համար»

2.jpg

Ես Աղավնավանքից եմ, դա կարևոր է ընդգծել (ծիծաղում է)։ Ես ծնվել և մեծացել եմ այստեղ։ Դեռ մանկուց տեսել եմ, թե ինչպես են Աղավնավանքի բնակիչները դպրոցը ավարտելուց հետո մեկնում այստեղից, որովհետև կարծում են, որ այստեղ չկա այսպես կոչված «փայլուն ապագան»։ Իրականում դա այդպես չէ․ Աղավնավանքը մարդկանց մեջ ձևավորում է արժեքների որոշակի համակարգ։ Բայց մարդիկ լքում են մեր գյուղը․ մեկնում են սովորելու, իսկ ավարտելուց հետո գտնում են աշխատանք և մնում քաղաքներում։

Արժեքների ինչպիսի՞ համակարգ է ձևավորում Աղավնավանքը։ Եթե նայենք դպրոցահասակ երեխաներին Աղավնավանքում և դրանից դուրս, նրանք ունեն տարբեր պատկերացումներ։ Այսինքն, տեղի երեխաները ավելի բարեկիրթ են, այստեղ պահպանվել է հին ժամանակների գյուղի տաք մթնոլորտը․ մարդիկ օգնում են միմյանց, անտարբեր չեն անցնում իրար կողքով և այլն։ Աղավնավանքում պահպանվել է հին գյուղական կոլորիտը։ Ես կցանկանայի, որ իմ ապագա երեխաները ապրեին և դաստիարակվեին Աղավնավանքում։

Սուտ է, որ գյուղում հնարավոր չէ վաստակել և ստեղծագործել։ Ոչ ոք սկուտեղի վրա քեզ ոչինչ չի մատուցի։ Դու կարող ես ինքդ փոխել քո միջավայրը և համապատասխանեցնել ցանկություններիդ։ Կա այսպիսի արտահայտություն «Մինչև գյուղացիները աղքատանում են քաղաքներում, քաղաքացիները հարստանում են գյուղերում»․ ճիշտ է ասված։

3.jpg

Աղավնավանքում ապրում են 1988 թվականին բռնի տեղահանվածները։ Իմ ծնողները տեղափոխվել են այստեղ Սումգայիթի ջարդերի ժամանակ։ Այստեղ ապրող բնակչությունը 17 տարբեր շրջաններից են։ 350 բնակիչ փոքրիկ գյուղում և բոլորը խոսում են տարբեր բարբառներով, պահպանելով ընկերական մթնոլորտը։ Այստեղ ապրում է հրաշալի ժողովուրդ։ Այստեղ, օրինակ, կան տեղափոխվածներ Գանձակից, Դաշկեսանից, Վարդաշենից,«մարշալների գյուղ» Չարդախլուից։ Գյուղը ինքնին շատ հին է, այստեղ կան 9-րդ դարի բնակավայրի հետքեր, նաև 11-րդ դարի վանք՝ Աղավնավանքը։

Ինչո՞ւ է ինձ համար կարևոր, որ ես Աղավնավանքից եմ։ Ես ուզում եմ մնալ ու ապրել այստեղ և անել մի բան, որը կլինի վարակիչ օրինակ։ Գյուղը զարգացնելու մտքերը ինձ այցելել են դեռ երիտասարդ տարիքից։ 2017 թվականից ես որոշեցի զբոսաշրջիկներ բերել Աղավնավանք, ուղղակի հայտարարություն թողնելով ֆեյսբուքում։ Նշեմ, որ այդ ժամանակ գյուղում չկար որևէ ենթակառուցվածք։ Եվ գումար էլ ,ընդհանրապես չունեի։

Ինչպիսի՞ զբաղմունքներ էի մտածում զբոսաշրջիկների համար գյուղում։ Ես իրենց հյուր էի տանում տեղի բնակչությանը․ մենք գնում էինք տիկին Անուշի տուն լավաշ թխելու, գնում էինք արշավ կամ բեռնատարով տուր էինք կազմակերպում, հետո վերադառնում էինք սնվելու, գյուղի տներից մեկում։ Այս կոնցեպտը շատերին էր հետաքրքրում։

3.jpg

Աղավնավանքի խոհանոցը ունի իր յուրահատկությունները։ Օրինակ այստեղ թխում են հաց, որը ուրիշ ոչ մի տեղ չեն թխում։ Մենք այն անվանում ենք «լոշ», որը ո՛չ լավաշ է, ո՛չ էլ մատնաքաշ։ «Լոշ»-ը ավելի հաստ է քան լավաշը և ավելի բարակ քան մատնաքաշը։ Այն պատրաստում են թթխմորով և թխում են թոնիրում, որը ունի տակառի ձև, այն վարդաշենցիների թոնիրն է։ Տեղի թոնիրները կառուցում են գոտկատեղի բարձրությամբ, որպեսզի կինը հեշտությամբ կարողանա կանգնած աշխատել։ Թոնիրը անպայման տաքացնում են տնական մրգերի ծառերի ճյուղերով։ Այն շատ համեղ հաց է, այնքան համեղ, որ «լոշով» ու պանրով բրդուճից հետո էլ չես ցանկանում այլ ուտեստներ ուտել։

Որոշ ժամանակ ուղեկցորդ աշխատելուց հետո հասկացա, որ կարելի է բացել սեփական փոքրիկ ռեստորանը, որովհետև անհարմար է ամեն անգամ զբոսաշրջիկներին տանել գյուղացիների տուն։ Այդպես հայտնվեց «Աղավնատուն» փոքրիկ ռեստորանը։ Սկզբում այն բավականին վատ տեսք ուներ։ Հիմա, երբ թերթում եմ հին լուսանկարները, ինձ մոտ ծիծաղ է առաջացնում։ Անգամ այն ժամանակ էլ ռեստորանը հայտնիություն էր վայելում և շատ հյուրեր ունեինք։ Իրենց, իհարկե, հետաքրքրում էր որակյալ սնունդը, գինին, բայց ամենից առավել միջավայրը և այս վայրի պատմությունը։

Ինչո՞ւ եմ այս վայրն անվանել «Աղավնատուն»։ Մեր շենքի տանիքին մշտապես աղավնիներ են նստում (ծիծաղում է)։ Ես հուսով եմ, որ մարդիկ աղավնիների նման վերադառնում են իրենց լքված տներ։ Առաջ, երբ մարդիկ հարցնում էին․ «Որտեղի՞ց ես», ասում էի․ «Աղավնավանքից», նրանք չէին հասկանում որտեղ է դա։ Ես շատ էի նեղսրտում․ արդյո՞ք մեր գյուղը այդքան աննշան է, որ ոչ ոք չգիտի, թե որտեղ է գտնվում։ Աստիճանաբար Աղավնավանքը դարձավ ավելի հայտնի, առաջ այստեղ առհասարակ զբոսաշրջիկներ չկային, իսկ հիմա բավականին շատ են։ Շատերը Հայաստանից և այլ երկրներից սկսեցին գյուղում ներդրումներ կատարել։ Դա ուրախացնում է։

Երբ 2020 թվականի սեպտեմբերին սկսվեց պատերազմը, ես կամավորագրվեցի։ Պատերազմը գիտակցության մեջ շատ բան է փոխում։ Վերադառնալուց հետո որոշեցի, որ Աղավնավանքում պետք է լուրջ առաջընթաց գրանցվի՝ ընկերների հիշատակին, որոնք այլևս մեզ հետ չեն։ Ես գլխումս պատկերացնում էի, թե ինչպես պետք է լինի, ուղղակի գումար չկար, որպեսզի այդ ամենը իրագործեի։

Սակայն գլխավորը սկսելն էր։ Այդպես, 2021 թվականի հունվարի 4-ին Աղավնատան կտուրը քանդեցի։ Հորս ասացի․ «Գնանք քանդենք կտուրը, ես ուզում եմ երկրորդ հարկ կառուցել»։ Հայրս մտածեց, որ խենթացել եմ և հրաժարվեց օգնել ինձ (ծիծաղում է)։

Շինարարությունը սկսեցի 2021 թվականի աշնանը։ Մինչ այդ ես ամիսներով մաքրում էի Աղավնատան կտուրի ձյունը, որպեսզի այն չհալչի և չգնա ներս․ մինչև գարուն այստեղ ուժեղ ձյուն էր տեղում։ Ինչպես տեսնում եք շինարարությունը և վերանորոգումը շարունակվում են մինչև այսօր։ Սակայն մենք մոտ ենք ավարտին։

8.jpg

Աղավնատունը՝ մեր հյուրատունը, առաջինն է գյուղում։ Հուսով եմ, որ նմանատիպ շատ նախագծեր կհայտնվեն։ Մենք նաև ունենք մեր գինեգործությունը։ Սկբում մենք արտադրեցինք 2500 շիշ և վաճառում էինք մեր ռեստորանում, իսկ հիմա մենք արդեն արտահանում ենք։ Գինին կոչվում է «Կինէա»։ Երբ ստեղծում էինք բրենդը, ես դիզայներներին ասացի, որպեսզի լինի կանացի սիլուետ մեկ գծով և արտացոլի հայ կնոջ խոհեմությունը, նրա անկեղծությունը, քնքշությունն ու ուժը։ Ես կարծում եմ մեզ մոտ ստացվել է։

Ինչո՞ւ «Կինէա»։ Գինին ալկոհոլային խմիչք է , որը հույզեր է նվիրում։ Եթե դու չգիտես մարդուն, դու գինի ես խմում և քեզ համար պարզ է դառնում թե ո՞վ է արտադրել այն․ գինին արտացոլում է ամենը, ինչ կա մարդու մեջ։ Չնայած նրան, որ Հայաստանում տարածված է գինու արտադրությունը, մեծամասնությունը որպես անվանում ընտրում է տեղանուններ, անոթներ, խաղողի տեսակներ և այլն։ Ես ուզում էի, որպեսզի մեր անվանումը տարբերվի ընդհանուր ընդունված չափանիշներից։

Մեր գյուղը ձեռնտու կերպով տարբերվում է այլ շատերից բնության հանդեպ տեղաբնիկների հոգատար վերաբերմունքով։ Այստեղ երբեք անտառահատում չի իրականացվել, այստեղ դուք չեք տեսնի կոճղեր։ Աղավնավանքում ոչ ոք չի աղտոտում։ Փողոցները մաքուր են, տաճար տանող ճանապարհը ևս մաքուր է։ Դրա համար եմ ասում, որ տեղաբնիկները յուրահատուկ են։ Կա արժեհամակարգ։

8.jpg

Ես տեղացիների համար բացել եմ աշխատատեղեր։ Մինչև շինարարության սկիզբը ինձ մոտ աշխատում էին 4-5 մարդ որպես հիմնական աշխատակազմ։ Հիմա ամեն ինչ դադարի մեջ է, բայց շուտով մենք պլանավորում ենք վերաբացվել։ Մշտական հիմունքներով ինձ մոտ կլինի 6-7 աշխատատեղ։ Խաղողի բերքահավաքի ժամանակ մենք մարդկանց մեծ խմբերի ենք հրավիրում աշխատանքի, մեզ մոտ լինում են 10-ական աշխատակից։ Գնում ենք խաղող հավաքում և բերում այստեղ վերամշակման։ Սպիտակ խաղողը հավաքում ենք Տավուշի մարզից։ Դրա անվանումը «լալվարի» է՝ էնդեմիկ տեսակ է, որի հիմնական հայրենիքը Նոյեմբերյանն է։ Լալվարին յուրահատուկ համ և բույր ունի։ Իսկ կարմիր խաղողը բերում ենք Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղից։ Այն ևս էնդեմիկ տեսակ է։ Ընդհանուր առմամբ մենք ունենք գինու վեց տեսակ։

Մեր Աղավնատանը կան 5 սենյակներ, յուրաքանչյուրը իրենց սանհանգույցով, ջեռուցումով և գեղատեսիլ տեսարանով։ Ներքևում դեգուստացիոն սենյակն է և գինեգործարանը, դրսում՝ ռեստորանը։ Ամբողջ ձևավորումը մտածել և ստեղծել ենք ինքներս, օգտագործելով բնական նյութեր։ Մի անգամ գինու տարրայի տեղափոխման ընթացքում նստվածքի մեջ նկատեցինք կարմիրի տարբեր երանգներ։ Որոշեցինք քսել փայտի վրա և տեսնել թե ինչ կստացվի դրանից։ Այդպես առաջացավ պատերին կարմիր հատվածներ անելու մտահղացումը։ Կարծում եմ այդքան էլ վատ չի ստացվել։ Ձևավորման մեջ կան նաև խաղողի որթեր և կորիզներ։ Լուսամփոփները պատրաստել ենք սոդայով և աղով վերամշակված և չորացված սնկերով, կան նաև վայրի բալի թփեր։ Սենյակների առաստաղները պատրաստել ենք ապակուց, որպեսզի մեր հյուրերը կարողանան օրվա ցանկացած ժամի զմայլվել երկնքով։ Այստեղ քնելը շատ հարմար է, պատերը շնչում են և տարածքը օդափոխելու կարիք չկա։

3.jpg

Աղավնատունը խոստանում է լինել դրախտային անկյուն անտառի մեջ։ Ես իմ ամբողջ հոգին եմ ներդրել այստեղ։

Ալեքսան Ներսիսյան․ «Աղավնատուն» ավանդական հյուրընկալության կենտրոնի հիմնադիր և տնօրեն



Լրացրեք ձևը