Իննա Ասրյան. «Ես չեմ վախենում փորձարկել»

2.jpg

Ես Սյունիքից եմ, ծնվել և մեծացել եմ Հալիձորում՝ անսահման գեղեցիկ տեղում լեռների ու ժայռերի մեջ։ Սովորել եմ Երևանում, 16 տարեկանից աշխատել եմ սպասարկման ոլորտում։ Մատուցողուհուց հասել եմ մինչև գլխավոր մենեջերի պաշտոնին։ Աշխատել եմ նաև Տաթևի TaTever ճոպանուղում, Դիլիջանի Toon Armeni հյուրատանը որպես մենեջեր։ Հետո մի շրջան եղավ, երբ ես կրկին վերադարձա Երևան։

Այդքան փնտրտուքներից և «դեգերումներից» հետո ես հասկացա, որ Երևանն իմ քաղաքը չէ։ Այն շատ աղմկոտ է, եռուզեռով լի: Տարօրինակ է հնչում, չէ՞ որ ինքս շատ աշխույժ մարդ եմ։ Սակայն դիլիջանյան հանդարտությունը (իր բոլոր առավելություններով և թերություններով) ինձ գրավեց։ Գրավեց, բայց բնավորությունս չփոխեց։

Ես զգում էի, որ եկել է ժամանակն ինչ-որ բան անելու. ինչ-որ անձնական բան, ինչ-որ բան քաղաքի, նրա բնակիչների համար։ Ես ունեի քաղցրավենիք թխելու նախասիրություն։ Այդ ժամանակ ունեի ոչ մեծ օնլայն խանութ առաքման ծառայությունով։ Դրա համար որոշեցի կայանալ հենց այդ ոլորտում։

2021 թվականի սեպտեմբերի 18-ը դարձավ Darchin pastry and café-ի ծննդյան օրը։ Դա նախագիծ է, որում ես ներդրեցի իմ ներքին ողջ ռեսուրսները։

Ես սիրում եմ իմ աշխատանքը, այլապես ինչպե՞ս հաջողությամբ կմնայի դաշտում? Ես ամեն ինչ ինքս եմ անում և առայժմ հետևում եմ «one person concept» սկզբունքին։ Վաղ առավոտյան գնում եմ թարմ մթերք, ինքս սպասարկում եմ այցելուներին, ինքս մաքրություն եմ անում, ինքս սպասքն եմ լվանում, ինքս եմ զբաղվում տեղափոխությամբ։ Եվ, իհարկե, ինքս եմ պատրաստում աղանդերը։ Եվ այդ գործում ես նախընտրում եմ լիարժեք ստեղծագործական ազատություն։ Յուրաքանչյուր այցելու ինձ նոր փորձարարության է ոգեշնչում։ Վաղ առավոտյան ցանկություն եմ ունենում այնպիսի ինչ-որ բան պատրաստելու, որ կհամապատասխանի հենց այդ մարդուն, նրա տրամադրությանը։ Եվ ինչպիսի՜ հետաքրքիր, տարբեր մարդիկ են գալիս Darchin։ Նրանք տարբեր մասնագիտությունների, տարբեր հայացքների, տարբեր, անսովոր նախասիրությունների տեր մարդիկ են։ Նրանք և տեղաբնակ, և այլ տեղերից եկած մարդիկ են։

3.jpg

Սիրում եմ նոր մարդկանց, սիրում եմ շփվել։ Մենք այստեղ զրուցում ենք, կիսվում ենք տպավորություններով, քննարկում ենք ամենաանհավանական հարցեր։

Բացի այդ, իմ կաֆետերիայի կոնցեպցիան նախատեսում է միայն բնական բաղադրություն, տեղական հատապտուղների և մրգերի օգտագործում, քիմիական հավելումների և գույների բացառում, ես չեմ աշխատում կրեմով և մարցիպանով։ Առաջարկում եմ նաև բուսական աղանդերներ, որոնց սկզբնական շրջանում տեղաբնակները թերահավատորեն էին վերաբերվում։ Եվ հիմա իմ գազարով բուսական կարկանդակը այլևս ոչ մեկի չի զարմացնում, չէ՞ որ այն կարող է լինել այնքա՛ն համեղ։ Եվ դրա մեջ ամբողջությամբ ես եմ. չեմ վախենում փորձարկել, չեմ վախենում չհասկացված լինելուց։

Այս ողջ շարժման ընթացքում, նույնիսկ զբոսաշրջային թեժ ժամանակահատվածում, ես մի ակնթարթ կանգ եմ առնում, նայում եմ Դիլիջանին, իսկ այն հենց նույնն է՝ հանդարտ և անխռով։ Թռչունները երգում են, շուրջբոլորը կանաչ է, իսկ որքա՜ն գրավիչ են այստեղ մայրամուտները։

4.jpg

Ինձ հաճախ են հարցնում. «ինչպե՞ս ես դու այնտեղ մնում, ախր այնտեղ ձանձրալի է, անհետաքրքիր»։ Բայց ես պատասխանում եմ, որ այդպես չի լինում. աշխուժությունն ու վառ էմոցիաները մենք ինքներս ենք նվիրում: Պետք է ապրել ցանկանալ, ստեղծագործել ցանկանալ, պետք է հնարավորությունները տեսնել ցանկանալ:

Համարու՞մ եմ ինքս ինձ դիլիջանցի: Այո՛: Եվ հարազատ Սյունիքում էլ ընդհանրապես չեն նեղանում:

Իննա Ասրյան՝ Darchin pastry and cafe-ի հիմնադիր:

Հ. Գ. 2023 թվականի նոյեմբերին Իննան մեկնեց Հնդկաստան՝ նոր նախագծերին ընթառաջ, բայց իր բոլոր քաղցրավենիքները և գաղտնի բաղադրիչները մնում են անփոփոխ: Բացի դրանից, ավելանում են նորերը, օրինակ, Արցախի փախլավա: Հիմա Darchin pastry and cafe-ն գտնվում է Լյովա Հովակիմյանի վստահելի ձեռքերում, ով «Ճամփորդի տուն» սրճարանի հիմնադիրն է, իսկ Իննան միշտ կապի մեջ է և կիսվում է իր փորձով ու բաղադրատոմսերով:

Darchin pastry and cafe սրճարանի մասին ավելի մանրամասն կարդացեք հղումով:

Լրացրեք ձևը