Անի Հարությունյան. «Դիլիջանում ես իրականացրել եմ իմ բոլոր նախագծերը»
Դիլիջանում ես իրականացրել եմ իմ երեք նախագծերը՝ Caffeine Coffee Roasters, որով սկսվեց ամեն ինչ 6 տարի առաջ, հետազոտական Arm Food Lab խոհանոցը, Ootelie փուռը: Ես ինքս Երևանից եմ, բայց ինձ համար սկզբունքորեն կարևոր էր կյանքի կոչել գաղափարս մայրաքաղաքից դուրս։ Եվ երբ մենք նոր-նոր աշխատում էինք բարձրորակ սուրճի՝ Caffeine Coffee Roaster-ի պատրաստման առաջին նախագծի վրա, ընտրությունը կանգ առավ Դիլիջանի վրա։
Եթե անկեղծ, դա շատ հանպատրաստից որոշում էր, առանց երկար նախապատրաստման։ Բայց հիմա մտածում եմ. ինչքան լավ է, որ մենք արեցինք դա։ Դիլիջանն արդարացրեց իմ ակնկալիքները։ Ես շատ սիրեցի այս քաղաքը, և վերջին 6 տարիների իմ գործունեությունը սերտորեն կապված է նրա հետ։
Իմ բոլոր երեք նախաձեռնությունները միավորված են հենց հետազոտական աշխատանքի շեշտադրմամբ, մոտեցմամբ և սկզբունքներով։ Մասնավորապես, դա վերաբերվում է Arm food lab նախագծին, որը ոչ միայն հայկական խոհանոցի, այլև տարածաշրջանի մթերքի համար ինքնատիպ լաբորատորիա է:
Մասնագիտությամբ ես արվեստագետ-պատմաբան եմ, և հետազոտություններն իմ մասնագիտության մեջ շատ կարևոր տեղ ունեն: Դա ինձ օգնեց նախաձեռնության իրականացման ժամանակ. այստեղ մենք անցկացնում ենք պատմական հետազոտություններ, ուսումնասիրում ենք հայկական խոհանոցի ավանդույթները, ինչպես նաև այն ամբողջ մթերքը, որ ստեղծվում կամ աճում են Հայաստանի տարածքում: Arm food lab-ն ունի էլեկտրոնային արխիվ, որտեղ ներկայացված կլինի Հայաստանի ուտելի բույսերի և խոտերի մասին տեղեկատվություն, և որտեղ հատուկ ուշադրություն կդարձվի բույսերի հավաքման կանոններին: Չէ՞ որ մեր մոտ կան բույսեր, որոնք, թեկուզ և ուտելի են, բայց գրանցված են Կարմիր Գրքում: Էլեկտրոնային արխիվում նրանք նշված են լինելու հատուկ նշումով:
Այժմ ես «ի՞նչ է իրենից ներկայացնում հայկական ավանդական խոհանոցը» հարցի պատասխանը ստանալու ճանապարհին եմ: Հետազոտական ողջ գործունեությամբ ինքս եմ զբաղվում: Դա անվերջ և հսկայական աշխատանք է։ Այդ պատճառով ես շատ էի ուզում ստեղծել թիմ, ցանկալի է դիլիջանյան երիտասարդությունից, որը կզբաղվի այն ամենով, ինչն իրեն հետաքրքիր է. գուցե ինչ-որ մեկին կհետաքրքրեն հետազոտությունները, ինչ-որ մեկին՝ լուսանկարչությունը և հավաքածուները, ինչ-որ մեկին էլ խոհարարությունը։ Եվ ես լիահույս եմ, որ մի օր իմ մոտ կստացվի դա անել։
Անի Հարությունյան, Caffeine Coffee Roasters, Arm food lab և Ootelie նախագծերի հիմնադիր։
Այլ մարդկանց պատմություններ
Ավելին մարդկանց մասինՀարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում