Միքայել Թորոսյան․ «Սերը դեպի արվեստ իմ մեջ սերմանել է պապս»
Ես Երևանից եմ, բայց արդեն տասներորդ տարին է, որ ապրում եմ Դիլիջանում։ 2014 թվականին այստեղ եմ տեղափոխվել կնոջս հետ, որպեսզի փորձեմ սկսել սեփական գործս։ Ես և կինս արվեստի մարդիկ ենք, ավարտել ենք Գեղարվեստի ակադեմիան։ Արվեստով հրապուրվելու արմատները տանում են դեպի պապս։ Նա ինքնուս նկարիչ էր, մասնագիտությամբ՝ զինվորական։ Ծնվել է վրացական գեղատեսիլ քաղաք Սիղնախիում, իսկ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որոշել է, որ պետք է տեղափոխվի Հայաստան։
Նա նկարում էր մեր ձեղնահարկում նստած, իսկ ես նայում էի և ժամանակի ընթացքում ես ևս ցանկացա փորձել։ Պապս իմ մեջ տաղանդ նկատեց։ Ինչպես սովորաբար պատահում է, բոլորը իրենց երեխաների մեջ ինչ-որ տաղանդներ են տեսնում, եթե անգամ դրանք չկան (ծիծաղում է)։
Ընդհանրապես, ես միշտ շատ եմ սիրել կաշին, այդ նյութը։ Ես խենթանում էի կաշվե բաճկոնների համար, բայց այն տարիներին դրանք թանկ հաճույքներ էին, և ես չէի կարող դրանք ինձ թույլ տալ: Դե, իսկ երբ զբոսաշրջիկների շրջանում սիրված «Միմինո» հուշարձանը կանգնեցվեց այն շենքի կողքին, որտեղ այժմ գտնվում է մեր խանութը, ես 2013 թվականին որոշեցի գալ Դիլիջան և խանութ բացել։
Ես ու կինս ամեն ինչ դասավորեցինք միասին։ Ինձ տրամադրեցին բիզնես վարկ 10%-ով և ես հաստոց գնեցի: Նրբատախտակից սկսեցի պատրաստել խաչեր, կախազարդեր, ժամացույցներ, լամպեր, տուփեր և այլն։ Հետո սկսեցի ուսումնասիրել, թե էլ ինչ կարելի է ստեղծել այս հաստոցի միջոցով և պարզեցի, որ այն նաև կտրում է կաշին։ Եվ ես սկսեցի փորձել կաշվից ինչ-որ բաներ պատրաստել: Ես սկսեցի պարզից ու թևնոցներ պատրաստեցի, հետո խորացա ու հասկացա, որ կարող եմ դրամապանակներ պատրաստել, հետո կամաց-կամաց անցա կարելուն։ Ես սովորեցի կարել և սկսեցի մոդելներ ձևավորել: Ֆայլերը պատրաստում եմ CorelDRAW, AutoCAD DXF ծրագրերով: Ստեղծվելուց հետո ես այն միացնում եմ տպիչին և խնդիր եմ դնում, որ այն փորագրություն անի: Փորագրելուց և քանդակելուց հետո մենք լվանում ենք կաշին, չորացնում և սկսում ենք մշակել եզրերը, գույները ու սկսում ենք կարել կամ հավաքել գամերով։
Դիլիջանի բնությունը ոգեշնչում է հանդիսանում ցանկացած արվեստագետի համար։ Օրինակ՝ ես պայուսակներ եմ պատրաստել Հաղարծին վանքի արեւային ժամացույցով ։ Ընդհանրապես, այս միտքը ծագեց ինձ մոտ, քանի որ ինձ հետաքրքրում էին ժայռապատկերները, և հաճախ դրանց պատկերներով իրեր եմ պատրաստում: Կան նաև հայկական այբուբենով ապրանքներ, որոնք պահանջված են սփյուռքահայերի շրջանում։ Պատվերները հատկապես շատ էին 2020-ի պատերազմի ընթացքում... Պատերազմից վերադարձա, խանութը փակ էր, այս ընթացքում կինս Ֆեյսբուքով վաճառել էր այն ամենը, ինչ ունեինք խանութում, նույնիսկ նկարներից։ Քիչ նկարներ էին մնացել։ Ցավոք, հիմա ազատ ժամանակ չեմ ունենում, որպեսզի նկարեմ։ Վերջին անգամ նկարել եմ անցած ամառ՝ էսքիզներ Սևանա լճից։
Բայց կա մի նկար, որը ոչ մի դեպքում չեմ վաճառի։ 1998 թվականի ջրաներկ։ Եկեք բարձրանանք վերև, ցույց տամ։ Սա, հավանաբար, ամենալավ նկարն է, որը ինձ մոտ ստացվել է ջրաներկով (ծիծաղում է)։
Այս տունը ավտոտնակի վրա կառուցել եմ իմ ձեռքերով։ Ամբողջ դիզայնը մտածված է իմ և կնոջս կողմից։
Այլ մարդկանց պատմություններ
Ավելին մարդկանց մասինՀարցեր ունե՞ք
Մեր մասնագետները կապ կհաստատեն ձեզ հետ կարճ ժամանակահատվածում